Հեղինե Բիշարյանը չի բացառում, որ դեկտեմբերի 6-ին 9 բալանոց քաղաքական երկրաշարժ լինի
PoliticsԱրդեն հայտնի է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնելու օրը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ այն կանցկացվի 2015 թվականի դեկտեմբերի 6-ին: Orer.am-ի թղթակիցը ԱԺ-ում Սահմանադրական փոփոխությունների անցկացման ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանից, ով ԱԺ-ում Սահմանադրության փոփոխությունների նախագծի ընդունմանը դեմ քվեարկած 10 պատգամավորներից է, փորձեց պարզել, թե 1988-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժից մեկ օր առաջ հանրաքվեի օր նշանակելը կարո՞ղ է իր խորհրդանշական ազդեցությունն ունենա նաև հայկական քաղաքական դաշտում և այդ օրը ականատեսը լինենք մեկ այլ՝ քաղաքական երկրաշարժի:
- Նախ՝ ուզում եմ ասել, որ շատ անընդունելի օր է, զուտ այն տեսակետից ելնելով, որ դրանից մեկ օր հետո Սպիտակի երկրաշարժի ցավալի հիշատակի օրն է և կարելի էր մի քիչ ավելի հեռու օր ընտրել, որպեսզի օրերը չհամընկնեին: Ինչ վերաբերում է կանխատեսմանը, ապա հնարավոր է, կարող է նաև քաղաքական երկրաշարժ էլ տեղի ունենա: Տեսնենք:
- Համաձայն չե՞ք, որ քաղաքական դաշտում դժվար թե 9 բալանոց լինի երկրաշարժը:
- Մի´ ասեք՝ դժվար: Մի ժամանակ էլ նույն Սպիտակի երկրաշարժին չէինք սպասում: Ո՞վ կարող էր կանխատեսել, որ Հայաստանում կարող է 9 բալանոց երկրաշարժ լինել և այդպիսի աղետալի արդյունքներ արձանագրենք: Այնպես որ, երբեք մի´ ասեք երբեք: Ի դեպ, օրենքով սահմանված կարգով՝ նախագահը հանրաքվեն նշանակում է Ազգային ժողովի համաձայնությունը ստանալուց հետո յոթնօրյա ժամկետում, իսկ հանրաքվեի քվեարկությունը պետք է տեղի ունենա հանրաքվե անցկացնելու մասին նախագահի հրամանագրի պաշտոնական հրապարակման օրվանից ոչ շուտ, քան 45 և ոչ ուշ, քան 60 օր հետո:
Արմինե Գրիգորյան