ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ միասի՞ն կմասնակցի սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քարոզարշավին
PoliticsԲՀԿ-ում դեռ չի քննարկվել հանրաքվեի մասին քարոզարշավին մասնակցելու հարցը: «Դեռ չգիտենք՝ ինչ ֆորմատով ենք մասնակցելու «այո»-ի քարոզարշավին՝ ՀՀԿ-ի՞ հետ, թե՞ առանձին: Մենք մեր դիրքորոշման մասին առանձին կհայտնենք»,- այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:
Խոսելով ԲՀԿ-ական Էլինար Վարդանյանին կուսակցության շարքերից հանելու մասին՝ Վ. Էնֆիաջյանը նշեց, որ Էլինար Վարդանյանի կողմից պասիվ գործունեություն է եղել: «Մի քանի գործողություններ են եղել նրա կողմից, որ ԲՀԿ-ն տեղյակ չի եղել՝ գնացել է գործուղման ու տեղյակ չի պահել ԲՀԿ-ին, խմբակցության նիստերին չի մասնակցել: Մեր ներքին խոհանոցային հարցերն են, որոնց ես չեմ ուզում անդրադառնալ»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ական մյուս պատգամավորներին, ովքեր քվեարկության օրը բացակա են եղել, ասաց, որ այդ ամենի հետ կապված խմբակցությունում հարցը քննարկվել է: «Հարգելի են համարվել դրանք, երբ մարդիկ եղել են, որ գործուղման են եղել, սակայն եղել են մարդիկ, որոնք այլ միջավայրում են եղել, գրառումներ են արել, թեեւ ՀՀ-ում են եղել ու չեն եկել ԱԺ՝ քվեարկության: Սկզբունքայնությունից ելնելով՝ պետք է գային դահլիճ ու հստակ դեմ քվեարկեին, այլապես ես, օրինակ, կարող եմ կարծել, որ այդպիսով նա կամ «այո» է ասել, կամ «ձեռնպահ»»,- ասաց Վ. Էնֆիաջյանը:
Խոսելով նաեւ Էլինար Վարդանյանին կամ Ստեփան Մարգարյանին ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնից զրկելու մասին՝ Վահե Էնֆիաջյանը նշեց, որ եթե նման ցանկություն ունենային, ապա դա վաղուց կանեին:
Սոսե Չանդոյան