Ռուսաստանը համաձայնել է ԱՄՆ-ի հետ քննարկել Սիրիայում թռիչքների անվտանգությունը
International newsՄիացյալ Նահանգների ռազմական գերատեսչությունը՝ Պենտագոնը, պաշտոնական պատասխան է ստացել ՌԴ պաշտպանության նախարարությունից` Սիրիայի օդային տարածքի անվտանգության ապահովման հարցին վերաբերող առաջարկի շուրջ։
Ինչպես նշում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Քուկին, Մոսկվան համաձայնել է Վաշինգտոնի հետ քննարկել Սիրիայում ծավալվող օդային գործողությունների անվտանգությունը։
«Այժմ Պենտագոնն ուսումնասիրում է Մոսկվայի պատասխանը, և, ըստ ամենայնի, բանակցությունները կընթանան այս հանգստյան օրերին»,- մանրամասնել է Քուկը։
Ավելի վաղ` հոկտեմբերի 6-ին, Պենտագոնը կոչ է արել Մոսկվային շտապ պատասխանել Սիրիայի օդային տարածքում գործողությունների համաձայնեցման վերաբերյալ դիմումին։ Դրա փոխարեն ռուսական կողմն առաջարկել է «Իսլամական պետության» դեմ պայքարող միջազգային կոալիցիային իրեն փոխանցել իսլամիստների գտնվելու վայրերի մասին տեղեկությոնները։ Սակայն Վաշինգտոնում այս առաջարկին բացասաբար են արձագանքել։
Աղբյուրը հիշեցնում է, որ սեպտեմբերի 30-ից Ռուսաստանն ինտենսիվ օդային հարվածներ է հասցնում Սիրիայի տարածքում իսլամիստների դիրքերին։