Թուրքիայի քեմալական կուսակցության առաջնորդը Դավութօղլուից պահանջել է երկու նախարարի հրաժարականը
International newsԹուրքիայի ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո հանդիպել է երկրի վարչապետ Աhմեդ Դավութօղլուին՝ պահանջելով Թուրքիայի ներքին գործերի և արդարադատության նախարարների հրաժարականը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Դավութօղլուի հետ հանդիպումից հետո Քըլըչդարօղլուն ցանկություն է հայտնել հանդիպել նաև «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիի և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ղեկավար Սելահաթթին Դեմիրթաշի հետ:
Խոսելով կատարվածի մասին՝ քեմալական կուսակցության առաջնորդն Անկարայի ահաբեկչությունն անվանել է հանրապետության պատմության ամենաողբերգական դեպքերից մեկը: Քըլըչդարօղլուն ուշադրություն է հրավիրել հատկապես այն փաստի վրա, որ Անկարայում կազմակերպված ցույցը նախապես հայտարարված է եղել, քաղաքային իշխանություններն այն թույլատրել են, մինչդեռ դրա ընթացքում անվտանգության որևէ միջոց չի պահպանվել: «Արդարադատության և ներքին գործերի նախարարներն անհապաղ պետք է հեռացվեն իրենց պաշտոններից: Քանի դեռ դա չի արվել, այս դեպքը դեռ շատ «ջուր կվերցնեի»: Դավութօղլուի հետ հանդիպմանն ասացի, որ Թուրքիան անմիջապես պետք է դուրս գա մերձավորարևելյան ճահճից»,- ասել է քեմալական կուսակցության առաջնորդը: