Կարեն Նազարյանն էստոնացի գործընկերոջը ներկայացրել է ադրբեջանական սադրանքների հետևանքները
PoliticsՀայաստանի Հանրապետության և Էստոնիայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև կայացել են հերթական խորհրդակցությունները` Էստոնիայի արտաքին գործերի նախարարության Եվրոպայի և Տրանսատլանտյան հարցերով փոխքարտուղար Մարտ Լաանեմայենի եւ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանի մասնակցությամբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապեր վարչությունից, խորհրդակցությունների ընթացքում քննարկվել է հայ-էստոնական երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ։ Կողմերն անդրադարձել են առևտրատնտեսական կապերի և գոյություն ունեցող ոլորտային փոխշահավետ համագործակցության խթանման հեռանկարներին։ Կարևորվել է փոխգործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում, ինչպես նաև ընդգծվել է բարձրաստիճան փոխայցելությունների իրականացման, քաղաքական խորհրդակցությունների պարբերաբար անցկացման ու իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը։
Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերությունների ներկա ընթացքին և հեռանկարներին, ինչպես նաև Արևելյան գործընկերության շրջանակներում հայ-էստոնական համագործակցությանը։
Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի շուրջ: Փոխնախարար Նազարյանն իր էստոնացի գործընկերոջը հանգամանալից ներկայացրել է վերջին շրջանում հաճախակիացած ադրբեջանական սադրանքների հետևանքներն ու ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման շուրջ տեղ գտած զարգացումները։