ԱՊՀ-ի գագաթնաժողովում ռազմական համագործակցության հայեցակարգ է ստորագրվելու
International newsԱՊՀ-ի գագաթնաժողովում, որը հոկտեմբերի 16-ին տեղի կունենա Ղազախստանում, ստորագրման է պատրաստվում մինչեւ 2020 թվականը ռազմական ոլորտում համագործակցության հայեցակարգը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Արմենպրես-ը, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Բացի այդ, նախատեսվում է որոշումներ ընդունել արտաքին սահմաններում ճգնաժամային իրավիճակների կարգավորման համար: «Ռազմական ոլորտում բազմակողմ շփումների արդյունավետության բարձրացման շրջանակներում պլանավորվում է ստորագրել մինչեւ 2020 թվականը համագործակցության համապատասխան հայեցակարգ»,- ասել է Ուշակովը լրագրողներին:
Նրա խոսքով՝ այդ փաստաթղթերը թույլ կտան բարձրացնել արտաքին սահմանների անվտանգության ապահովման ոլորտում ձեռնարկվող միջոցների արդյունավետությունը, կնպաստեն անհրաժեշտ նորմատիվային-իրավական բազայի կատարելագործմանը եւ ԱՊՀ-ի մեջ չմտնող երկրների սահմանապահ կառույցների հետ կապերի զարգացմանը:
Բացի այդ, պլանավորվում է քննարկել եւ մի շարք փաստաթղթեր ընդունել իրավապահ գործունեության ոլորտում: Նաեւ ծրագրվում է համագործակցության համաձայնագիր ստորագրել արտակարգ իրավիճակների կանխման եւ վերացման վերաբերյալ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: