Հայաստանը համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր է ստորագրել աֆրիկյան վեց երկրների հետ
PoliticsԵրևանում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի շրջանակներում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն աֆրիկյան վեց երկրների արտգործնախարարների հետ ստորագրել է հարաբերությունների զարգացմանը միտված յոթ փաստաթուղթ։ Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, Սենեգալի Հանրապետության հետ ստորագրվել է երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների անցկացման մասին փոխըմբռնման հուշագիր: Հայաստանի և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության միջև ստորագրվել է դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ արձանագրություն։
Հայաստանի Հանրապետության կառավարության և Մադագասկարի Հանրապետության կառավարության միջև ստորագրվել է մշակութային համագործակցության մասին հուշագիր, նաև հուշագիր արտաքին գործերի նախարարությունների համագործակցության մասին:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Կոմորյան կղզիների միության Հանրապետության արտաքին գործերի, համագործակցության հարցերով նախարարության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։
Համագործակցության հուշագիր է ստորագրվել նաև Հայաստանի ԱԳՆ և Տոգոյի արտաքին գործերի, համագործակցության և աֆրիկյան ինտեգրման հարցերով նախարարության միջև։ Հայաստանի արտգործնախարարության և Կոտ դ’Իվուարի արտաքին գործերի նախարարության միջև ստորագրվել է երկկողմ քաղաքական խորհրդակցությունների մասին փոխըմբռնման հուշագիր։