Ադրբեջանում ձերբակալել են Meydan TV-ի հրապարակախոսի եղբայրներին
International newsԱդրբեջանում շարունակվում են արտասահմանում գործող միակ անկախ ադրբեջանական ինտերնետային Meydan TV հեռուստաալիքի աշխատակիցների դեմ բռնություններն ու հետապնդումները:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով «Թուրան» լրատվական գործակալությունը, երեկ ձերբակալվել են հեռուստաալիքի հրապարակախոս եւ խմբագիր Գյունել Մովլուդի երկու եղբայրները, որոնք բնակվում են Ադրբեջանից դուրս:
Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայությունը հաստատել է լուրը: Մամուլի ծառայության աշխատակից Էհսան Զահիդովը հայտնել է, որ Գյունելի եղբայրներին` Վեքիլ եւ Ռաջի Իմանովներին ոստիկանությունը հոկտեմբերի 13-ին ձերբակալել է «օպերատիվ տեղեկատվության» հիման վրա: Առաջինը ձերբակալվել է Բիլասուվարում, երկրորդը` Սումգայիթում:
«Խուզարկության ժամանակ, նրանց մոտ մարիխուանա տեսակի թմրանյութ է հայտնաբերվել»,- ասել է Զահիդովը` նշելով, որ փաստի առնչությամբ հետաքննություն է տարվում:
«Թուրան»-ը հաղորդում է, որ Գյունել Մովլուդի եղբայրները ամեն աշխատանք կատարող բանվորներ են եւ ապրուստը վաստակում են որպես վարձու աշխատողներ: Թմրանյութեր պահելու եւ տարածելու համար նրանց մի քանի տարվա ազատազրկում է սպառնում:
Գյունել Մովլուդը հայտնի է Ադրբեջանի իշխանությունների հասցեին քննադատական հրապարակումներով:
Բոլոր անձինք, ովքեր որեւէ առնչություն ունեն Meydan TV հեռուստաալիքի հետ Ադրբեջանում, ենթարկվում են ճնշման եւ եւ հետապնդումների արդեն մի քանի շաբաթ: Երկու շաբաթ առաջ Բաքվի ոստիկանությունը բերման եւ հարցաքննության էր ենթարկել հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Էմին Միլլիի հարազատներին եւ ստիպել գրավոր հրաժարվել նրանից: Անցյալ շաբաթ անակնկալ կերպով հարցաքննության են ենթարկվել հեռուստաալիքի Բաքվի եւ Սումգայիթի աշխատակիցները: Դա կապված է ընդդիմադիր, Բեռլինում գործող այդ համացանային ռեսուրսի գործունեությունը դադարեցնելուն ուղղված իշխանությունների ջանքերի հետ:
Ադրբեջանի «Մուսավաթ» կուսակցությունը դատապարտել է Meydan TV հեռուստաալիքի դեմ բռնաճնշումների արշավը: Կուսակցության կողմից այդ մասին տարածված հայտարարության մեջ պահանջվում է անհապաղ ազատ արձակել Գյունել Մեվլուդի եղբայրներին:
Ընտանիքի հաղորդմամբ` եղբայրների ձերբակալությունն իրականացվել է ադրբեջանական իշխանությունների կողմից մշակված բռնաճնշումների դասական կանոններով: Գաղտնիք չէ, որ եղբայրները ձերբակալվել են, որպեսզի պատժեն նրա քրոջը, ասվում է «Մուսավաթ»-ի կողմից այսօր տարածած հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ Meydan TV հեռուստաալիքի աշխատակիցների նկատմամբ ճնշումը, նրանց հարցաքննությունների կանչելը, նրանց ազգականների ձերբակալությունն եւ հետապնդումն Ադրբեջանի իշխանությունների բռնաճնշումների կոշտ բնույթի ցուցանիշն է: