Ճապոնիայում վերագործարկվել է տարվա ընթացքում երկրորդ միջուկային ռեակտորը
International newsՃապոնիայի Կագոսիմա հարավ-արեւմտյան պրեֆեկտուրայում վերագործարկվել է «Սենդայ» ատոմային էլեկտրակայանի երկրորդ ռեակտորը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը, հաղորդել է Kyushu Electric Power օպերատոր ընկերությունը:
«Ռեակտորից էլեկտրականությունը էներգահամակարգում կստացվի հոկտեմբերի 21-ին: Դրանից հետո մենք ձեռնամուխ կլինենք դրա աշխատանքի հզորության աստիճանական բարձրացմանը»,- նշվում է օպերատորի հաղորդագրության մեջ:
«Սենդայը» դարձել է վերջին երկու տարվա ընթացքում առաջին ատոմակայանը, որը մասնակիորեն վերսկսել է իր աշխատանքը 2011 թվականի մարտին «Ֆուկուսիմա-1»-ում տեղի ունեցած վթարի պատճառով ատոմային բոլոր օբյեկտների կանգնեցումից հետո: Կայանի առաջին էներգաբլոկը աշխատանքը վերսկսել է օգոստոսի 11-ին: Ռեակտորներից յուրաքանչյուրի հզորությունը կազմում է 890 մեգավատ:
Նախքան «Ֆուկուսիմա-1»-ի վթարը, Ճապոնիայի էներգահաշվեկշռում ատոմային էներգետիկային բաժին էր ընկնում շուրջ 30 տոկոսը:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, չնայած տեղական իշխանությունների քաղաքականությանը, որը նպատակամղված է ազգային ատոմակայանների վերագործարկմանը, Ճապոնիայում ոչ բոլորն են կառավարության հետ համաձայն ատոմային էլեկտրակայանների էներգաբլոկների աշխատանքի վերսկսման անհրաժեշտության հարցում: NHK հեռուստաալիքի հարցման տվյալներով՝ բնակչության միայն 17 տոկոսն է պաշտպանում ատոմակայանների վերագործարկումը այն դեպքում, երբ դեմ է արտահայտվում ճապոնացիների 48 տոկոսը: