Օբաման եւ Էրդողանը քննարկել են Սիրիայում ՌԴ-ի ռազմական գործողություններին ի պատասխան համատեղ միջոցառումների փաթեթը
International newsԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում համագործակցությունն ընդլայնելու հարցեր, ինչպես նաեւ Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողություններին ի պատասխան միջոցառումների փաթեթը, Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների գրոհները եւ Թուրքիայում անցկացվելիք G-20 «Մեծ քսանյակի» երկրների առաջնորդների գագաթաժողովի օրակարգը:
Ինչպես հաղորդում է«Անատոլու» լրատվական գործակալությունը, նախագահ Օբաման դատապարտել է հոկտեմբերի 10-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը եւ բազմաթիվ զոհերի կապակցությամբ ցավակցություն է հայտնել Էրդողանին:
Առաջնորդները որոշել են Սիրիայում անցումային ժամանակաշրջանի անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար մեծացնել ԻՊ-ի վրա ռազմական ճնշումը եւ Սիրիայի չափավոր ընդդիմությանն ուժեղացնելու նպատակով համապատասխան քայլեր նախաձեռնել:
Նախագահները կիպրոսյան հարցում դրական արդյունքների հասնելու համար պաշտպանել են բանակցային գործընթացը: Հեռախոսազրույցի ընթացքում նախագահները քննարկել են G-20-ի առաջիկա գագաթնաժողովի օրակարգի մանրամասները:
Բացի այդ, Թուրքիայի եւ ԱՄՆ-ի առաջնորդները համաձայնվել են, որ PKK-ն շտապ պետք է դադարեցնի իր գործողությունները Թուրքիայում: