Նադալ. Կիսաեզրափակչում խաղալն ինձ համար լուրջ արդյունք է
Sport«Մեծ Սաղավարտի» մրցաշարերի 14-ակի չեմպիոն Ռաֆայել Նադալը Շանհայի մրցաշարի 1/4 եզրափակչում Ստեն Վավրինկայի նկատմամբ տոնած հաղթանակից հետո իր ուրախությունն է արտահայտել: 29-ամյա իսպանացին գոհ է, որ Պեկինի մրցաշարի եզրափակչին մասնակցելուց հետո հնարավորություն ունի կրկին պայքարելու եզրափակիչ դուրս գալու համար:
-Կիսաեզրափակչում խաղալն ինձ համար լուրջ արդյունք է: Երկրորդ շաբաթն անընդմեջ եզրափակչի մասնակցելու հնարավորություն ունեմ: Սա լավ արդյունք և մեծ առաջընթաց է: Շատ ուրախ եմ, քանի որ հենց սրա համար եմ շարունակ աշխատել,-Նադալի խոսքը մեջբերված է ATP-ի պաշտոնական կայքից:
Կիսաեզրափակիչ փուլում Նադալը մրցելու է 30-ամյա ֆրանսիացի Ժո-Վիլֆրիդ Ցոնգայի հետ, ում հետ վերջին 11 խաղերից 8-ում հաղթել է:
-Ցոնգան սիրում է խաղալ նման կորտերում: Նա շատ արագ թենիսիստ է: Նման ծածկույթի վրա նա իրեն հիանալի կզգա, քանի որ դիպուկ մատուցում ունի: Ցոնգան դուրս է եկել կիսաեզրափակիչ, քանի որ շատ լավ է խաղում: Այնպես որ` բարդ հանդիպում է լինելու: Հույս ունեմ` լավ հանդես կգամ և կշարունակեմ նույն ոգով. այսինքն` փորձում եմ յուրաքանչյուր խաղ նախորդից մի փոքր ավելի լավ անցկացնել: Հույս ունեմ` վաղը կշարունակեմ առաջընթացս,-ասել է Նադալը: