Պելեգրինի. Սթերլինգը կարող է ավելի լավ խաղալ
Sport«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին գովասանքով է խոսել Ռահիմ Սթերլինգի մասին, ով Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի` «Բորնմուտի» հետ խաղում դարձավ հեթ-տրիկի հեղինակ:
-Կարծում եմ` Ռահիմի համար կարևոր էր 3 գոլ խփելը: Նա երիտասարդ կիսապաշտպան է, ով շարունակում է կատարելագործել իր խաղը: Նա պետք է աշխատի հնարավորություններն օգտագործելու ուղղությամբ, բայց «Բորնմուտի» հետ խաղում արագ էր արձագանքում և իրացրեց իր պահերը: Ռահիմը կարող է ավելի լավ խաղալ: Նա Ագուերոյի, Բոնիի նման հարձակվող չէ, բայց երբ ամռանը տեղափոխվեց մեր թիմ, ես ասացի, որ այստեղ ավելի շատ գոլեր է խփելու, քան «Լիվերպուլում»:
Նախորդ խաղում նա այնքան էլ լավ հանդես չեկավ, բայց բոլոր ֆուտբոլիսներն էլ ունենում են վատ օրեր: Ես վստահ էի, որ Բոնիի հետ խաղալով` Ռահիմն ավելի շատ ազատ գործելու հնարավորություն կունենա: Այս անգամվա կազմը Ռահիմին ազատություն տվեց և օգնեց գոլեր խփել,-Պելեգրինիի խոսքը մեջբերված է «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքից: