Իրանի նկատմամբ պատժամիջոցները կգործեն մինչև հունվարի վերջ. Բեռլին
International newsԻրանի նկատմամբ պատժամիջոցները կգործեն մինչև 2016-ի հունվարի ավարտը: INTERFAX.RU-ի հաղորդմամբ` նման կարծիք է հայտնել Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը:
Վերջինիս խոսքով` արևմտյան երկրները պետք է համոզվեն, որ Թեհրանը իսկապես հետևում է իր ստանձնած պարտավորություններին իրանական միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնության շրջանակներում: Շտայնմայերը, ով ներկայում գտնվում է Թեհրանում, հայտնել է, որ այդ հարցը չի քննարկվի մինչև հունվարի վերջ:
Նախարարը մասնավորեցրել է, որ նախ Իրանը պետք է ցույց տա, որ ապամոնտաժում է ցենտրիֆուգները և ոչնչացնում է հարստացված ուրանը:
Նշենք, որ կիրակի` ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից հաստատվելուց 90 օր անց, պաշտոնապես ուժի մեջ է մտել միջուկային համաձայնագիրը: