Մերկելն ու Էրդողանը քննարկել են միգրացիոն ճգնաժամի հաղթահարման ուղիները
International newsԳերմանիան ու Թուրքիան փախստականների ընդունման հարցում շահագրգռված են բեռն արդար բաշխել: Այդ մասին այսօր Ստամբուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպումից հետո հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը. փոխանցում է DPA-ն:
Հանդիպման ժամանակ կողմերը եկել են այն եզրակացության, որ ընդհանուր շահերի շրջանակներում միգրացիոն ճգնաժամի հաղթահարման համար պետք է գտնել հնարավորություններ` ծանրաբեռնվածությունը բաշխելու համար: Մերկելն իմաստալից ու հաջող է համարել Էրդողանի հետ բանակցությունները:
Մերկելի խոսքերով` Գերմանիան ու Թուրքիան կիսում են ահաբեկչության դեմ պայքարն ու Սիրիայի հակամարտության քաղաքական կարգավորումն ակտիվացնելու անհրաժեշտությունը: Էրդողանից առաջ էլ Մերկելը բանակցել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ: Մերկելը վերջին անգամ Թուրքիա այցելել է 2013 թվականի փետրվարին: