Վրաստանը նոր մաքսային անցակետ է բացել Թուրքիայի հետ սահմանին
International newsՋավախքում վրաց-թուրքական սահմանում հոկտեմբերի 18-ին բացվել է «Կարծախի» նոր ավտոմոբիլային մաքսային անցակետը, որն ամենակարճ ճանապարհով ոչ միայն Վրաստանը, այլեւ Հայաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը եւ Միջին Ասիայի երկրները կկապի Թուրքիայի կենտրոնական տարածաշրջանների հետ:
Ինչպես տեղեկացնում է Արմենպրես-ը, հղում անելով Վրաստանի ֆինանսների նախարարության մամուլի ծառայությանը, զուգահեռաբար թուրքական կողմից բացվել է «Աքթաշ-Չիլդր» մաքսային անցակետը:
«Մասքային անցակետերի գործարկումը կնպաստի տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը, երկրի տարանցիկ ներուժի մեծացմանը եւ ապրանքաշրջանառության աճին, զգալի ավանդ կներդնի Վրաստանի եւ Թուրքիայի տարածքով միջազգային հաղորդակցության զարգացման գործում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նախատեսվում Է, որ «Կարծախի» մաքսային անցակետը, որի թողունակությունը կազմում է օրական 500-600 բեռնատար եւ 10 հազար ուղեւոր, կբեռնաթափի վրաց-թուրքական սահմանին գործող «Սարպի» եւ «Վալե» մաքսային անցակետերը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: