Իրանն առանձնակի կարեւորություն է տալիս Իրաքյան Քրդստանի անվտանգությանը. Լարիջանի
International newsԻրանն առաջնահերթ նշանակություն է տալիս Իրաքյան Քրդստանի՝ Իրաքի կազմում քրդական ինքնավարության անվտանգությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Արմենպրես-ը, Իրանի մեջլիսի (խորհրդարանի) խոսնակ Ալի Լարիջանին հայտարարել է ինքնավարության վարչապետ Նեչիրվան Բարզանիի հետ հոկտեմբերի 18-ին Թեհրանում կայացած հանդիպմանը:
«Իրանը մեծ նշանակություն է տալիս Իրաքյան Քրդստանի տարածաշրջանում հանգստության եւ անվտանգության վերականգնման հարցերին»,- խորհրդարանի նախագահի խոսքը մեջբերել է Fars գործակալությունը: «Դուք հայտնվել եք շատ դժվարին հանգամանքներում, երբ հարկադրված եք պայքարել ոչ միայն արտաքին թշնամու դեմ՝ ի դեմս «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման, այլեւ լուծել ներքաղաքական խնդիրներ»,- ասել է Լարիջանին զրուցակցին:
Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ Իրաքյան Քրդստանի քաղաքական ուժերին «անհրաժեշտ է փոխհամաձայնության գալ, որպեսզի ԻՊ-ի ահաբեկիչներին թույլ չտան օգտվել իրենց անմիաբանությունից»:
Իր հերթին Բարզանին երախտագիտություն է հայտնել այն օգնության համար, որը Թեհրանը ցուցաբերում է ինքնավարությանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: