Մերկելն ու Դավութօղլուն քննարկել են Հայոց ցեղասպանության հարցը
International newsԹուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ստամբուլում հանդիպման ժամանակ անդրադարձել են Հայոց ցեղասպանության հարցին: Ինչպես հաղորդում է Արմենպրես-ը` վկայակոչելով Գերմանիայի կառավարության պաշտոնական կայքը, այս մասին հայտնի է դարձել հանդիպումից հետո լրագրողներ հետ մամուլի ասուլիսի ժամանակ:
Դավութօղլուն հայտնել է, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել «1915 թվականին առնչվող թեմաներին և դրա վերաբերյալ Գերմանիայի Բունդեսթագում քննարկման դրված նախագծին»: «Ես ասել եմ, որ այս թեմաներն իրականում պետք է ակադեմիկորեն քննարկվեն հատուկ հանձնաժողովում, որտեղ պետք է լինեն նաև գերմանացի պատմաբաններ»,- ասել է Դավութօղլուն: Հերթական անգամ ներկայացնելով խնդրի առնչությամբ թուրքական` պատմությունը խեղաթյուրող տեսակետը` նա նշել է, որ Առաջին աշխարհամարտի տարիներին գերմանական և թուրքական կողմերը միևնույն կողմում են եղել, հետևաբար երկուսն էլ պետք է ներկայացված լինեն պատմական հանձնաժողովում: «Մենք ցանկանում ենք պատմական հաշտեցում հաստատել հայերի և թուրքերի միջև, և մենք պատրաստ ենք ցանկացած համագործակցության»,- ասել է Թուրքիայի վարչապետը:
Անգելա Մերկելն իր խոսքում շնորհակալություն է հայտնել հաշտեցման հարցում թուրքական կողմի հետ աշխատելու առաջարկի առնչությամբ` նշելով. «Կարծում եմ` մենք կարող ենք և ակտիվորեն կշարունակենք մեր աշխատանքները»: