Որքա՞ն ժամանակ Սիրիայում կմնա ռուսական օդուժը. պարզաբանում է արաբագետը
International newsՌուսական օդուժի եւ սիրիական կառավարական ուժերի համագործակցությունն արդեն դրական պտուղներն է տալիս, բայց թե որքան երկար կլինի ռուսական կողմի ներգրավվածությունը իսլամիստ ծայրահեղականների դեմ պայքարում, Orer.am-ը ճշտեց արաբագետ Արմեն Պետրոսյանից: «Այդ հարցի պատասխանին սպասում են նաեւ արեւմտյան կոալիցիայի ներկացացուցիչները՝ հանձին ԱՄՆ-ի, այսինքն՝ նրանք որդեգրել են սպասելու եւ հետեւելու քաղաքականություն: Իրենք ցանկանում են հասկանալ՝ առաջինը, թե որքան արդյունավետություն կլինեն ռուսական օդուժի գործողությունները, երկրորդ՝ ռուսական օդուժի եւ սիրիական բանակային ստորաբաժանումների համագործակցությունը: Որոշ ժամանակ կողմերն սպասելու են գործողությունների զարգացմանը»,- նշեց արաբագետը:
Ինչպես նշեց վերջինս, ի տարբերություն ռուսական օդուժի, Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պայքարն արեւմտյան կոալիցիայի հետ էական տեղաշարժեր եւ արդյունքներ չտվեց: «Իսկ թե ինչ հաջողություններ կարձանագրեն սիրիա-ռուսական համատեղ միասնական ուժերը, պարզ կլինի այն ժամանակ երբ նկատվի, թե որքանով արդյունավետ է գործում տվյալ ձեւաչափը «Իսլամական պետության» եւ տարբեր ծայրահեղական ուժերի դեմ պայքարում»,- ասաց նա:
Հարցին, թե արդյոք հավանական է, որ սիրիական հակամարտության հարցը կարգավորվի բանակցային գործողություններով, Արմեն Պետրոսյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ այս ռուս-սիրիական համագործակցությունն ու Արեւմուտքի դիրքորոշումը շատ հավանական է՝ հանգեցնեն քաղաքական գործընթացի, այսինքն՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցչի կողմից փորձ է կատարվում սիրիական հակամարտության կարգավորումը վերադարձնել բանակցային գործընթացի հարթություն եւ կարծես հենց Ռուսաստանի ներգրավումն ու հերթական գործընթացները կնպաստեն քաղաքական գործընթացի վերականգնմանը»,- հավելեց վերջինս:
Սոսե Չանդոյան