Արևմուտքը ստիպված է հաշվի նստել Ռուսաստանի դիրքորոշման հետ
International newsՎերջին շաբաթների ընթացքում աննախադեպ աճել է Սիրիայում Ռուսաստանի ռազմական ակտիվությունը: Ավելին, Սիրիայի հակամարտության մեջ ռուսական ռազմական միջամտությունն անհանգստացրեց Արևմուտքին և ստիպեց հաշվի նստել Ռուսաստանի դիրքորոշման հետ:
Սեպտեմբերի 30-ից ռուսական ռազմաօդային ուժերը սկսեցին կետավոր հարվածներներ հասցնել Սիրիայի զինյալների դիրքերին: Խմբում ներառված էին ավելի քան 50 Су-34, Су-24М ինքնաթիռներ ու Ми-8, Ми-24 ուղղաթիռներ: Հարվածների արդյունքում ոչնչացվել է նաև ահաբեկչական խմբավորումների վերահսկման շտաբն ու զինամթերքի պահեստը:
Հոկտեմբերի 16-ի տվյալներով, սեպտեմբերի 30-ից սկսած ռուսական ռազմաօդային ուժերը 669 մարտական թռիչք են կատարել և ոչնչացրել ԻԼԻՊ-ի 456 օբյեկտներ:
Ռուսաստանի օրեցօր մեծացող ակտիվությունը ուղեկցվում էր ԱՄՆ-ի նույնչափ պասիվ գործելակերպով: ԱՄՆ-ն ու արևմտյան մի շարք երկրներ Սիրիայի հարցում տարբերվում են իրենց մարտավարությամբ։ Նախ ԱՄՆ-ն իր «Թեոդոր Ռուզվելտ» ավիակիրն առաջին անգամ 2007թ.-ից ի վեր դուրս հանեց Պարսից ծոցից վերանորոգման և բյուջեի կրճատումների նպատակով, որն էլ ամերիկացի վերլուծաբանների շրջանում մտահոգությունների տեղիք տվեց, քանզի տարածաշրջանում գնալով մեծանում է ՌԴ-ի ռազմական ներկայությունը: Ապա Միացյալ Նահանգները հրաժարվեց ընդունել Ռուսաստանի պատվիրակությանը, վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գլխավորությամբ: Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Էռնեստ Ջոշը Պուտինի առաջարկությունը՝ Սիրիայում ռազմական գործողությունների քննարկման առիթով, համարել է «հուսահատ ճիչ»:
Իր հերթին Վլադիմիր Պուտինը, անբավարար է համարում Ռուսաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունը միայն ռազմատեխնիկական մակարդակում և կողմ է ավելի լուրջ ռազմական գործողությունների:
Այնուամենայնիվ, որքան էլ ԱՄՆ-ն քննադատում է Ռուսաստանի գործելաոճն, այն համարելով ոչ կառուցողական, ՌԴ-ի դիվանագիտական առաքելությունը Սիրիայում արժանացավ Սիրիայի գաղթականների ու մի շարք քաղաքացիական միավորումների բարձր գնահատականին:
Հոկտեմբերի 19-ին Գերմանիայում, Ռումինիայում, Սերբիայում, Սլովակիայում, Բելառուսում, Իրանում, Լիբանանում և Հնդկաստանում տեղի ունեցան հանրահավաքներ՝ ի պաշտպանություն Մերձավոր Արևելքում ռուսական քաղաքականության:
Ավելին, Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահ Մուհամադ Ջիհադ ալ-Լահամի խոսքերով, 15 օրում Ռուսաստանը և Սիրիան համատեղ ջանքերով «Իսլամական պետության» ահաբեկչական խմբի դեմ պայքարում ավելի շատ բանի հասան, քան Միացյալ Նահանգներն ու ՆԱՏՕ-ի երկրները մեկ տարում:
Մուհամադ Ջիհադ ալ-Լահամը նախագահ Բաշար ալ-Ասադի կողմից շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի ղեկավարությանը «սկզբունքային դիրքորոշման համար, որը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին և ՄԱԿ-ի կանոնադրությանը»:
http://ria.ru/syria_chronicle/20151018/1304150992.html
Վերջին տեղեկատվության համաձայն՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ առաջիկայում հանդիպելու է Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Հորդանանի ներկայացուցիչների հետ՝ Սիրիայի իրավիճակը քննարկելու համար։
Թե խնդրի լուծման ինչ տարբերակներ կառաջարկեն, դեռևս հայտնի չէ, բայց Ռուսաստանի առաջնայնությունն այդ գործում անտեսելն անհնար կլինի:
Անի Գասպարյան