Կանադան հրաժարվում է Սիրիային եւ Իրաքին ավիահարվածներ հասցնելուց
International newsԿանադայի վարչապետ ընտրված Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ իր երկիրը չի մասնակցի Սիրիայում եւ Իրաքում ահաբեկիչներին ավիահարվածներ հասցնելուն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC News-ին, նա հայտնել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային այն բանից մեկ ժամ անց, երբ հայտնի է դարձել Կանադայի խորհրդարա նական ընտրություններում նրա Լիբերալ կուսակցության տարած հաղթանակի մասին:
Իր նախընտրական արշավի շրջանակներում Թրյուդոն խոստացել է տուն վերադարձնել կանադացի օդաչուներին եւ CF-18 կործանիչները, որոնք տարածաշրջանում ծավալվել էին մինչեւ 2016 թվականի մարտը: Այդուամենայնիվ, նա ասել է, որ Հյուսիսային Իրաքում կգտնվեն կանադացի զինվորական հրահանգիչներ:
Թրյուդոն նաեւ խոստացել է մինչեւ տարեվերջ ընդունել 25 հազար սիրիացի փախստականների. քայլ, որն ավելի վաղ մերժել էր նրա նախորդը՝ Սթիվեն Հարփերը, ով շատ ավելի խիստ դիրք էր բռնել այդ հարցում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: