Ասադն ու Պուտինը Մոսկվայում քննարկել են ահաբեկչության դեմ պայքարի հետագա քայլերը
International newsՍիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը Մոսկվայում հոկտեմբերի 20-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, երկու նախագահները քննարկել են Սիրիայում ահաբեկչության դեմ ռազմական գործողությունների շարունակության վերաբերյ ալ հարցեր: Սիրիայի նախագահ Ասադը Վլադիմիր Պուտինին ներկայացրել է երկրի իրավիճակը, ինչպես նաև սիրիական բանակի պլանները և ռազմական գործողությունների ընթացքը:
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Սիրիայի նախագահը երկարատև բանակցություններ է վարել Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպմանը մասնակցել են Ռուսաստանի ղեկավարության բարձրաստիճան պաշտոնյաներ:
Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի խնդրանքով սեպտեմբերի 30-ին սկսել է հարվածել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դիրքերին: Ահաբեկիչների դեմ ռազմական գործողություններում ներառվել են ավելի քան 50 օդանավեր ու ուղղաթիռներ: Բացի այդ, ահաբեկիչների դիրքերը հրթիռակոծվել են ծովից: