Շուրջ 140 գաղթականներ ափ են իջել Կիպրոսում Մեծ Բրիտանիայի թագավորական օդուժի ռազմակայանում
International newsՇուրջ 140 գաղթականներ ափ են իջել Կիպրոսում բրիտանական թագավորական ռազմածովային ուժերի ռազմակայանում՝ այդպիսով առաջին անգամ Մեծ Բրիտանիայի սուվերեն տարածք հասնելով փախստականների ու միգրանտների հետ կապված եվրոպական ճգնաժամի սկսվելու պահից ի վեր: Ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, հղում անելով Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությանը, նրանք ափ են հասել չորս նավակներով:
«Մենք առայժմ չենք պարզել՝ որտեղից են գաղթականները»,-պաշտպանության նախարարության ներկայացուցչի խոսքը մեջբերել Է BBC-ն:
Ակրոտիրի ռազմակայանը, ուր ժամանել են փախստականները, Դակելիա բազայի հետ միասին, կազմում են Մեծ Բրիտանիայի անդրծովյան տարածքը՝ գտնվելով նրա ինքնիշխանության ներքո: Այստեղ բազավորված են ռազմական այն ինքնաթիռները, որոնք Լոնդոնը միջազգային կոալիցիայի կազմում օգտագործում Է Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմավորման դիրքերին հարվածներ հասցնելու համար:
ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչության տվյալներով՝ տարեսկզբից 643,7 հազար մարդ Է հատել Միջերկրական ծովը՝ Եվրոպայում ավելի լավ կյանք գտնելու ակնկալիքով: Նրանց 53 տոկոսը Սիրիայից են, որտեղ 2011 թվականից չի դադարում քաղաքացիական պատերազմը, 16 տոկոսը՝ Աֆղանստանից, 6 տոկոսը՝ Էրիթրեայից:
Գաղթականների ճնշող մեծամասնությունը՝ 502 հազար մարդ, ափ են իջել Հունաստանում՝ նախքան դեպի աշխարհամասի խորքն իրենց ուղին շարունակելը: 138 հազար մարդ ժամանել Է Իտալիայի ափեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: