Ադրբեջանի իշխանամետ լրագրողին դարձյալ ձերբակալել են, այս անգամ` թմրանյութերի համար
International newsԱդրբեջանի իշխանության խոսափող «Հաքքին.ազ» եւ «Վիրտուալ.ազ» կայքերի գլխավոր խմբագիր Էյնուլլա Ֆաթուլլաեւը 190 գ թմրանյութ անցկացնելու կասկածանքով Մոսկվայի օդանավակայանում ձերբակալվել է Ռուսաստանի մաքսային ծառայության աշխատակիցների կողմից:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները` նշելով, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում դա նրա երկրորդ ձերբակալությունն է:
Ֆաթուլլաեւի խոսքով` Մոսկվայի օդանավակայանում նա ձերբակալվել է Բաքվից ժամանելուց անմիջապես հետո: Օդանավակայանի մաքսային ծառայության աշխատակիցները մեկ ժամ շարունակ մանրամասնորեն խուզարկության են ենթարկել նրան: Ֆաթուլլաեւը Մոսկվա էր ժամանել Օլիմպիականների առաջին միջազգային համաժողովի աշխատանքը լուսաբանելու համար:
Ադրբեջանցի իշխանամետ լրագրողի առաջին ձերբակալությունն անցյալ շաբաթվա վերջին տեղի էր ունեցել Ֆրանսիայի Կալե քաղաքում: Միջադեպը տեղի էր ունեցել Լա Մանշ նեղուցի տակով անցնող Եվրոպական թունելով Անգլիա անցնել պատրաստվող փախստականների մասին ռեպորտաժ պատրաստելու ժամանակ: Ֆաթուլլաեւի այդ ձերբակալությունը ադրբեջանական ԶԼՄ-ները կապել էին ադրբեջանական իշխանությունների կողմից հովանավորվող Ֆրանսիայում գործող «Եվրոպական տեղեկատվական-իրավապաշտպան կենտրոն» կազմակերպության գործունեության հետ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախկին «քաղբանտարկյալ» Էյնուլլա Ֆաթուլլաեւը վերոհիշյալ կազմակերպությունը «Օքուփայ Ֆրանկֆուրտ» ձախ-անարխիստական շարժման առաջնորդ Թոմաս Պիլցի հետ ստեղծել են 2013 թվականի մայիսին, որի մեջ ներգրավել են նաեւ գերմանացի իրավապաշտպան Հարրի Մուրրեյին եւ Թուրքիայի ազդեցության տակ գտնվող մի քանի գործակալների:
2013 թվականի ապրիլին Ադրբեջանի համապատասխան մարմինների կողմից 100 հազար եվրո դրամաշնորհի դիմաց կազմակերպությունը հանձնարարական է ստացել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Ալի Հասանովից` եվրոպական երկրներում գտնել եւ հրապարակել մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ իրական ու թվացյալ փաստեր, ինչպես նաեւ հավաքել դրանք Բաքու և կոմպրոմատներ փոխանցել Շվեդիայից, Գերմանիայից, Նորվեգիայից, Դանիայից եւ այլ երկրներից հայտնի եվրոպական քաղաքական գործիչների մասին, որոնք քննադատում են Ադրբեջանի իշխանություններին եւ վարած քաղաքականությունը:
Կազմակերպության ֆինանսական հոսքերի մասով համակարգող հանդես է եկել Բաքվում «Սորոս»-ի հիմնադրամի ծրագրերի տնօրեն Ռովշան Բաղիրովը:
Իլհամ Ալիեւի աշխատակազմը նաեւ հովանավորել է Ստրասբուրգում հակառուսական եւ հակասեմիթական ակցիաները, ինչպես նաեւ ֆինանսավորում է Ֆաթուլլաեւի կողմից ղեկավարվող իբր թե «ընդդիմադիր» կայքերը: