Նազիկ Ավդալյան. Գնում ենք օլիմպիական վարկանիշ ձեռք բերելու
SportԾանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը ՀԱՕԿ-ի լրատվական բաժնի հետ զրույցում խոսել է առաջիկա աշխարհի առաջնությունից ունեցած սպասելիքներից:
«Վիրահատությունիցս 2-3 ամիս անց սկսեցի մարզվել, սակայն ծանրաձողով լիարժեք սկսել եմ մարզվել միայն հունվարից: 9 ամիս է, ինչ մարզվում եմ և բավականին լավ մարզավիճակ եմ ձեռք բերել: Հիմա մեջքս ինձ այդքան շատ չի խանգարում: Լիահույս եմ՝ հետագայում ավելի մեծ արդյունքների կհասնեմ, քան այն ժամանակ, երբ նոր էի վերադարձել մարզումների:
Պետք է իրատես լինենք մեր հնարավորությունների հարցում: Հիմա բարձրացրածս կիլոգրամներով մեդալների համար չեմ կարող պայքարել: Գնում ենք օլիմպիական վարկանիշ ձեռք բերելու: Իմ կարծիքով այդքան էլ հեշտ չէ աշխարհի չեմպիոն դառնալուց 6 տարի անց, մի քանի ամիս մարզվելուց հետո, նորից հին կիլոգրամները բարձրացնել»,-ասել է Ավդալյանը:
Հավելենք, որ հոկտեմբերի 29-ին կանանց ծանրամարտի ՀՀ հավաքականը կմեկնի Կազան՝ հերթական ուսումնամարզական հավաքի, իսկ նոյեմբերի 16-ին կմեկնի Հյուսթոն՝ աշխարհի առաջնության: Հայաստանն այդ առաջնությանը կներկայացնեն Աննա Գովելյանը (53 կգ), Իզաբելլա Յայլյանը (58 կգ), Նազիկ Ավդալյանը (69 կգ), Սոնա Պողոսյանը (75 կգ) և Հռիփսիմե Խուրշուդյանը (75+ կգ): Աշխարհի առաջնությունը մեկնարկում է նոյեմբերի 20-ին և կեզրափակվի նոյեմբերի 28-ին: