Ադրբեջանում շարունակվում են հավատացյալների զանգվածային ձերբակալությունները
International newsԱդրբեջանում շարունակվում են իսլամի շիա ուղղության սգո տոնի հետ կապված հավատացյալների կրոնական գործողությունների արգելումներն ու ձերբակալությունները:
Ինչպես հաղորդում է islamazeri.az կայքը, ոստիկանությունն ու ներքին զորքերի հատուկ նշանակության ծառայության աշխատակիցները Գյանջայում գրոհել են Շահ Աբբաս մզկիթ եւ արգելել են նամազ անել այնտեղ գտնվող հավատացյալներին: Նրանք զանգվածաբար ձերբակալել են հավատացյալներին եւ տարել իրենց հետ:
Որոշ ժամանակ հետո բաց թողնված մի քանի հավատացյալների խոսքով` ուժայիններն իրենց ասել են, որ մզկիթում նամազն արգելել է Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն:
Ուժայինները միջամտել եւ արգելել են նաեւ Շահ Աբբաս մզկիթից Իմամզադե Իբրահիմ կոչված վայր հավատացյալների կազմակերպված քայլերթը:
Մզկիթը շրջապատվել է ոստիկանության եւ ներքին զորքերի կողմից, այդտեղ ջրցան մեքենաներ են բերվել, մարդկանց արգելվել է մոտենալ մզկիթին:
Ներկայում մզկիթը փակ է, եւ Գյանջայի հավատացյալներին տեղյակ է պահվել, որ այն փակ կլինի առաջիկա երկու օրերին եւս:
Քայլերթն արգելվելու ժամանակ Գյանջայի բնակիչների նկատմամբ ուժ է գործադրվել, մոտ 50 հավատացյալ տարվել են ոստիկանական բաժանմունքներ: Նրանցից 26-ը կալանավորվել են: Ձերբակալվածների մեջ է նաեւ աստվածաբան Քերբալայի Մուսան:
Այդ մասին կայքին տեղեկացրած աղբյուրը հայտնել է, որ եթե մինչեւ երեկո ձերբակալվածները բաց չթողնվեն, իրենք շարժվելու են դեպի ոստիկանական բաժանմունքներ:
Այսօր Բաքվում հատուկ գործողություն է անցկացվել արմատական կրոնական խմբավորման անդամների դեմ:
Բաքվի Յասամալի շրջանի ոստիկանության վարչությունը ԶԼՄ-ներին հայտնել է, որ Farkli Lahmacun թեյարանում անցկացված գործողության ժամանակ 42 մարդ է ձերբակալվել, որոնք ենթադրաբար հանդիսանում են իսլամի սալաֆի (վահաբի) աղանդի անդամներ: Ձերբակալվածների մեջ է նաեւ Բաքվի Աբու Բեքր մզկիթի իմամի տեղակալ Գամեթ Սուլեյմանովը: Նրանք կասկածվում են իսլամիստ արմատականների հետ կապեր ունենալու մեջ:
Կալանավորվածներից մի քանիսի նկատմամբ «կրոնական արարողությունների պատրվակով անչափահասների ներգրավմամբ քաղաքացիների իրավունքների դեմ ոտնձգություն» հոդվածով քրեական գործեր են բացվել:
Ենթադրվում է, որ կալանվածները կարող են կապեր ունենալ Սիրիայի եւ Իրաքի տարածքում ռազմական գործողություններին մասնակից վարձու մոջահեդների հետ: