Արգենտինայում կկայանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
International newsԱրգենտինայի նախագահը կորոշվի երկրորդ փուլի արդյունքներով, քանի որ թեկնածուներից ոչ մեկն անհրաժեշտ թվով ձայներ չի հավաքել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով Ազգային ընտրական պալատին, քվեաթերթիկների 90,6 տոկոսի տվյալների ամփոփումից հետո «Ճակատ հանուն հաղթանակի» կառավարող դաշինքից թեկնածու Դան իել Սցիոլայի օգտին քվեարկել է ընտրողների 36,2 տոկոսը, «Հանրապետական առաջարկություն» ընդդիմադիր պահպանողական կուսակցության թեկնածու Մաուրիսիո Մակրիի օգտին՝ 34,9 տոկոսը:
«Նորացման ճակատ» ընդդիմադիր կուսակցությունից թեկնածու Սերխիո Մասսուի օգտին քվեարկել է ընտրողների 21,2 տոկոսը:
Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուին անհրաժեշտ է հավաքել ձայների ավելի քան 45 տոկոսը կամ 40 տոկոսը՝ պայմանով, որ մերձավոր մրցակցից նրա առավելությունը կկազմի առնվազն 10 տոկոս: Այդ կապակցությամբ Արգենտինայում, ըստ ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների, կկայանա ընտրությունների երկրորդ փուլը:
Հանրապետությունում հոկտեմբերի 25-ին տեղի են ունեցել նախագահական ու խորհրդարանական ընտրություններ: Բացի պետության ղեկավարից, արգենտինացիներն ընտրում էին փոխնախագահին, իսկ 11 մարզերում, այդ թվում՝ Բուենոս Այրեսի մարզում՝ նահանգապետերի: Ընտրություններին մասնակցությունը կազմել է 79 տոկոս, հաղորդել է ՏԱՍՍ-ը: