Թուրքական առողջարանները Ռուսաստանի պատճառով միլիարդներ են կորցնում
International newsԹուրքական Անթալիա առողջարանը ռուսաստանյան տուրիստական հոսքի անկման պատճառով 2015 թվականի արդյունքներով կկորցնի 5 մլրդ դոլարից ավելի:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Hurriyet Daily News թերթը` հղում կատարելով Professional Hotel Managers Association (POYD) կազմակերպության հրապարակած տվյալներին:
POYD-ի ղեկավար Ալա Քըզըլդաղը պատմել է, որ 2015 թվականի առաջին 9 ամսում ռուսաստանյան զբոսաշրջիկների թիվը, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 25 տոկոսով կրճատվել է, իսկ իրենց ծախսերը պակասել են 50 տոկոսով:
Քըզըլդաղն ասել է, որ թուրքական առողջարանների նկատմամբ ռուսաստանցի զբոսաշրջիկների հետաքրքրությունն ընկել է տնտեսական ճգնաժամի պատճառով, ինչպես նաեւ երկրի ներսում շրջագայությունները զարգացնելուն ուղղված ՌԴ կառավարության ջանքերի շնորհիվ:
POYD-ի ղեկավարը նշել է, որ ռուսաստանյան տուրիստներին հրապուրելու գծով Թուրքիայի կողմից ձեռնարկվող միջոցները, մասնավորապես, տուրիստական ընկերությունների չարտերիների մասնակիորեն սուբսիդավորումը, ի զորու չէ ազդել իրավիճակի վրա:
Քըզըլդաղի կարծիքով` Թուրքիայի տուրիստական շուկան պետք է մտածի մերձավորարեւելյան երկրների շուկաների, ինչպես նաեւ Չինաստանի, Հնդկաստանի եւ Հարավային Կորեայի վրա վերակողմնորոշվելու մասին: