ԵՄ-ի պատվիրակությունը հայտարարություն է արել Վրաստանում տիրող «քաղաքական լարվածության» կապակցությամբ
International newsՎրաստանում Եվրամիության պատվիրակությունը եւ ԵՄ-ի երկրների՝ Թբիլիսիում հավատարմագրված դեսպանները հայտարարել են, որ իրենք ուշադիր հետեւում են Վրաստանի մեդիա-միջավայրին ու, թեեւ ձեռնպահ են մնում «Ռուսթավի-2» հեռուստաընկերության շուրջ ընթացող դատավարության բովանդակային կողմը մեկնաբանելուց, կան հարցեր, որոնք անհանգստացնում են եւ որոնք արձագանք են պահանջում, տեղեկացնում է Արմենպրես-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:
«Ասոցացման մասին համաձայնագրի իրականացման գործընթացում աճել է մեր աջակցությունը Վրաստանին, բայցեւ իրադրության ուսումնասիրումն ավելի ինտենսիվ է դարձել»,- ասված է հոկտեմբերի 26-ի հայտարարության մեջ, որը ԵՄ-ի պատվիրակությունը հրապարակել է Վրաստանում ԵՄ-ի երկրների առաքելությունների ղեկավարների համաձայնությամբ:
«Վրաստանում տիրող քաղաքական լարվածության կապակցությամբ» արված հայտարարությունը մատնանշում է, որ «տվյալ փուլում շատ կարեւոր է շարունակել բարեփոխումները եւ ապահովել ժողովրդավարական ինստիտուտների լիարժեք գործունեությունը»:
«Պյուրալիստական ԶԼՄ-ները եւ քաղաքական միջավայրը ժողովրդավարության եւ երկրի եվրոպական ընտրության կարեւոր բաղադրիչներն են»,- ասված է հայտարարության մեջ:
«Կոչ ենք անում պետական ինստիտուտներին եւ քաղաքական խաղորդներին՝ ձեռնպահ մնալ այնպիսի քայլերից ու հայտարարություններից, որոնք նպաստում են լարվածության աճին ու բեւեռացմանը»,- նշվում է հայտարարության մեջ: