Վրաստանի նախագահը եւ խորհրդարանի խոսնակը քննարկել են երկրի իրադրությունը
International newsՎրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին եւ հանրապետության խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլին քննարկել են երկրում ստեղծված իրադրությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով պետության ղեկավարի մամուլի ծառայությանը:
Վրաստանում իրադրությունը սրվել Է «Ռուսթավի-2»-ի գործով դատավարության կապակցությամբ, որը լայն արձագանք Է գտել վրաց հասարակության մեջ, ինչպես նաեւ ԶԼՄ-ներում տարածված տեսանյութի պատճառով, որում պատկերված են կտտանքների ու բռնությունների կադրեր, որոնք, ինչպես պնդում են դատախազությունում, ոստիկանության բարձրաստիճան աշխատակիցները կատարել են 2011 թվականին նախորդ կառավարության օրոք:
«Հանդիպմանը կողմերը խոսել են երկրում ստեղծված իրադրության եւ երկխոսության կարեւորության մասին»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Վրաստանի խորհրդարանի նախագահը «Վրացական երազանք» իշխող կոալիցիայի ներկայացուցիչներից միակն Է, ով համաձայնել Է նախագահի առաջարկած երկխոսությանը:
Սկանդալային տեսագրությունների տարածմանը հաջորդել են հարձակումները Թբիլիսիում եւ Վրաստանի տարածաշրջաններում «Միասնական ազգային շարժում» նախկին կառավարող կուսակցության գրասենյակների վրա, ինչպես նաեւ ակցիաները՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կուսակցությունը վերացնելու պահանջով:
Այդ կապակցությամբ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել Է, որ երկրում քաղաքացիական կայունությունը պահպանելու համար բանակցություններ Է սկսում քաղաքական կուսակցությունների, դիվանագիտական կորպուսի եւ ոչ կառավարական կազմակերպությունների հետ, հաղորդել Է Sputnik գործակալությունը: