Թուրքիայի հեռուստաալիքները քրդամետ կուսակցությանը խիստ սահմանափակ եթերաժամանակ են տրամադրել
International newsԹուրքիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններից 5 օր առաջ Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը (RTÜK) հրապարակել է տվյալներ այն մասին, թե թուրքական հեռուստաալիքները որքան հեռուստաժամանակ են տրամադրում ընտրություններին մասնակցող կուսակցություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Զաման» պարբերականը, RTÜK անդամ Էրսին Օնգելի՝ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում հրապարակած տվյալների համաձայն՝ հեռուստաընկերություններն ակնհայտ կողմնապահություն են արել կուսակցություններին հեռուստաժամանակ տրամադրելիս:
Ըստ Օնգելի՝ թուրքական պետական TRT հեռուստաընկերությունը նախընտրական 25 օրվա համար նախագահին տրամադրել է 29 ժամ հեռուստաժամանակ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ)՝ 30 ժամ, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությանը (ՀԺԿ)՝ 5 ժամ, «Ազգայնական շարժում» կուսակցությանը (ԱՇԿ)` 1 ժամ և 10 րոպե, իսկ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը (ԺԴԿ)՝ ընդամենը 18 րոպե, ինչը հարյուր անգամ պակաս է իշխող կուսակցությանը տրամադրված եթերաժամանակից:
Թուրքական 12 հեռուստաընկերություն,TRT-ն ներառյալ, 25 օրվա ընթացքում 138 ժամ հեռուստաժամանակ են տրամադրել Էրդողանին, 238 ժամ՝ ԱԶԿ-ին, 36 ժամ ՀԺԿ-ին, 21 ժամ՝ ԱՇԿ-ին և 6 ժամ ԺԴԿ-ին:
Թուրքիայի արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան 2015 թվականի նոյեմբերի 1-ին: Պատգամավորական մանդատների համար կպայքարեն 16 կուսակցություն, որոնցից հիմնական պայքարի մեջ կմտնեն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ), ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ), «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ) և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ): ԱԶԿ-ն, ՀԺԿ-ն և ԺԴԿ-ն իրենց թեկնածուների շարքում առաջադրել են նաև հայերի, ովքեր նախորդ խորհրդարանական ընտրություններում արդեն պատգամավոր էին ընտրվել: Երկրի ներսում և դրսում ընտրություններում կիրառելու նպատակովտպագրվել է 75 միլիոն 288 հազար 955 քվեաթերթիկ: