ԻՊ-ին անդամակցելու կասկածանքով երկու ադրբեջանցի են ձերբակալվել Ստամբուլում
International newsՍտամբուլի անվտանգության վարչության ահաբեկչության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները երեքշաբթի 25 հասցեներով կատարած գործողության արդյունքում հայտնաբերել են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման գործունեությանը մասնակցելու մեջ կասկածվող 21 անձի:
Ինչպես հաղորդում է թուրքական HaberTurk հեռուստաալիքը, ձերբակալվածներից երկուսը Ադրբեջանի քաղաքացիներ են, իսկ 7-ը` երեխաներ: Ցուցմունքների եւ այլ հետաքննչական գործառույթների համար նրանք տարվել են ոստիկանություն:
Թուրքական հեռուստաալիքը հայտնել է, որ ԻՊ-ին անդամակցելու մեջ կասկածվողները Ստամբուլում բնակվել են մեկուսացված խմբով եւ անգամ իրենց համար սեփական աղոթատեղի են կառուցել` նշանակելով իրենց իմամին:
Թուրքական ոստիկանությունը ԻՊ-ի բջիջների դեմ միաժամանակ ռեյդեր է անցկացրել Քոնիա եւ Քոջաելի քաղաքներում, որի արդյունքում ձերբակալվել է 44 մարդ:
Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Անկարայում հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված որոնվողների մեջ է ազգությամբ ադրբեջանուհի Ուլքեր Մաեդովան:
Թուրքական «Միլլիեթ» թերթն այդ առնչությամբ գրել էր, որ Անկարայի ահաբեկչությունից հետո Թուրքիան հրապարակել է երկար ժամանակ որոնման մեջ գտնվող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 21 մահապարտի ցուցակը: Ցուցակում, որի մեջ 6 կանանց անուններ կան, «կենդանի ռումբ» բնութագրվող ադրբեջանցի կնոջ անուն էլ կա: Դա Թուրքիայում որոնման մեջ գտնվող Ուլքեր Մամեդովան է: