ՌԴ ՊՆ-ն ստուգելու է քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ օդային հարվածների մասին տեղեկությունները
International newsՌուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը մանրակրկիտ կերպով ուսումնասիրելու է Սիրիայում ռուսական օդուժի կողմից քաղաքացիական օբյեկտների ռմբակոծման մասին արտասահմանյան ԶԼՄ-երում տեղ գտած տեղեկությունները:
«Բոլոր կոնկրետ դեպքերի` հիվանդանոցների, մզկիթների ուղղությամբ հարվածների, ինչպես նաև քաղաքացիական անձանց մահվան հարցում ռուսական օդուժի մեղավորության վերաբերյալ հաղորդումները ենթարկվելու են մանրակրկիտ հետաքննության, որի մասին արևմտյան ԶԼՄ-երը և ռազմա-դիվանագիտական կորպուսը անպայման կտեղեկացվեն»,- այս մասին է հայտարարել ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովը` մի շարք երկրների դեսպանատների ռազմական կցորդների հետ հանդիպման ժամանակ:
Նա հավելել է, որ ՌԴ ՊՆ ամենօրյա ռեժիմում հայտնում է Սիրիայում տեղակայված ռուսական օդուժի իրականացված բոլոր գործողությունների մասին: «Եթե արտասահմանյան ԶԼՄ-ները չներկայացնեն համապատասխան ապացույցներ և չտան հերքումներ իրենց ապատեղեկատվության համար, ապա մենք կհամարենք, որ դա Ռուսաստանի դեմ իրականացվող տեղեկատվական պատերազմի մի մասն է»,-շեշտել է Անտոնովը: