Դա ձեզ դուր գա, թե չգա, մենք դա անելու ենք. Հովհաննես Սահակյանը՝ Նիկոլ Փաշինյանին
PoliticsԱԺ-ում «Նույնականացման քարտի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանին: Նա հետաքրքրվեց, թե ինչու քվեարկության ժամանակ մատը չջնջվող թանաքով թանաքոտելու պրակտիկան Հայաստանում չեն ուզում կիրառել: Հարցին ի պատասխան՝ Հովհաննես Սահակյանը նշեց, որ այդ պրակտիկան հայտնի է, օրինակ՝ Հնդկաստանում, որի հետեւանքով մի շարք քաղաքացիներ նույնիսկ այրվածքներ էին ստացել, իսկ Վրաստանում էլ փորձեցին թանաքոտելու մեթոդը կիրառել ընտրությունների ժամանակ եւ արդյունքն ավելի վատ էր:
Նիկոլ Փաշինյանը, այս անգամ հարցն այլ կերպ ձեւակերպելով, ասաց. «Ի՞նչն է խանգարում, որ այս երաշխիքը մտցվի, այդտեղ ո´չ ժամանակի խնդիր կա, ո´չ ֆինանսների: Վրաստանում արդյունքն իրոք վատ էր, բայց ՀՀԿ-ի տեսակետից, քանի որ վերջին տասը տարում երկու անգամ իշխանափոխություն է տեղի ունեցել այնտեղ: Եթե դուք նկատի ունեք, որ ինչ մեթոդ էլ կիրառենք, մեկ է՝ կրկնաքվեարկելու հնարավորությունից չենք խուսափելու, հենց այդպես էլ ասեք, էլ չքննարկենք: Բայց փաստը մնում է փաստ, որ երաշխիքը հանում եք, իսկ տեղը ոչինչ չեք առաջարկում»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Որպես արձագանք՝ Հովհաննես Սահակյանը նշեց. «Սա ես անձամբ դասում եմ այն հայտարարությունների շարքին, որ ձեր համար բարդություններ ենք ստեղծում, հետո սկսում պայքարել: Դա ձեզ դուր գա, թե չգա, մենք դա անելու ենք»:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ տեղից հայտարարեց, թե ամեն ինչի մեջ կարելի է մի բան փնտրել. «Թանաքը կփոխեն, եթե ուզենան»:
Սոսե Չանդոյան