Թուրքիայի մամուլի գրաքննության սարսափելի վիճակագրությունը
International news2015 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին Թուրքիայում 101 լրատվական կայք, Twitter-ի 40 ստատուս, 178 լուր գրաքննության են ենթարկվել, հարձակումներ են կատարվել 21 լրագրողի, մամուլի 3 օրգանի եւ մեկ հրատարակչության վրա, 28 լրագրողի նկատմամբ հետաքննություն է սկսվել Թուրքական մշակութային օրենքի, իսկ 60 լրագրողների նկատմամբ` Թուրքական քրեական օրենքի հոդվածներով: 24 լրագրող եւ 9 դիստրիբյուտոր հոկտեմբերն անցկացրել են կալանավայրում:
Ինչպես հաղորդում է թուրքական ԶԼՄ-ները, այս մասին նշվում է Թուրքիայի անկախ տեղեկատվական ցանցի մամուլի մոնիտորինգի զեկույցում:
Փաստաթղթում ասվում է, որ այս տարվա հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կողմից միանձնյա կառավարություն ձեւավորելու իրավունքը կորցնելու հետ ստեղծված Ժամանակավոր կառավարությունը, հուլիսի 23-ին քրդական խնդրի կարգավորման խաղաղ գործընթացը դադարեցնելուց հետո, բոլոր ընդդիմադիր մամուլի շրջանակներին թիրախի տակ առնող գործողություններ է սկսել:
«Քրդստանի աշխատավորական կուսակցության Կանդիլի ճամբարների վրա թուրքական օդուժի կողմից գործողություններ սկսվելուց հետո ոստիկանությունը սկսել է հարձակումներ գործել քրդական խնդիրն օրակարգ բերած մամուլի օրգանների վրա, իսկ ինտերնետային կայքերը ենթարկվել են ընդարձակ գրաքննության», -ասվում է զեկույցում:
Զեկույցում նշվում է, որ Թուրքիան նախագահական կառավարման տանելու ծրագրերը խորհրդարանական ընտրությունների արդյունքների հետ ձախողած նախագահ Թայիփ Էրդողանը վերականգնել է քննադատական մամուլի դեմ բռնաճնշումները:
«Վերջին երեք ամսում Թուրքիայում 33 մամուլի ներկայացուցչի դեմ «զինված կազմակերպության անդամ լինելու», «ահաբեկչական կազմակերպությանն օժանդակելու» կամ «ահաբեկչական կազմակերպություն ստեղծելու» մեղադրանքներ են առաջադրվել: Միայն հուլիս-սեպտեմբեր ամիսներին հարձակման են ենթարկվել 21 լրագրող, մամուլի 3 օրգան եւ մեկ թերթ, սպառնալիքներ են արվել 20 լրագրողի եւ 7 մամուլի օրգանի: Բացի այդ, գրաքննության են ենթարկվել 101 կայք, Twitter-ի 40 հաշիվ, 178 լուր, 3 հեռուստաալիք, 3 երգիծական հանդես, 2 գիրք, 1 ֆիլմ: Մեկ եթերի վրա արգելք է դրվել», -նշÕ �ում է փաստաթղթում:
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները Թուրքիայում նոյեմբերի 1-ին անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություների առնչությամբ համոզմունք են հայտնել, որ նման գրաքննություն կատարող երկրում չեն կարող արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացվել: