Վրացական ընկերություններին չի բավարարում ադրբեջանական «Սոկար»-ի մատակարարած գազի ծավալը
International newsՎրաստանում իշխանական թևի որոշ ներկայացուցիչներ քննադատում են ռուսական «Գազպրոմ» ընկերության ներկայության մեծացումը Վրաստանում: Խնդիր մասին խոսակցությունները Վրաստանում ավելի ակտիվորեն սկսեցին ծավալվել, երբ Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեյի և «Գազպրոմ» ընկերության ղեկավարության միջև կայացավ հանդիպում:
Հոկտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց վրացագետ Ալիկ Էրոյանցը:
««Գազպրոմ»-ի հետ համագործակցության հիմնական պատճառաբանությունն այն է, որ Վրաստանում հիմնական մենաշնորհ զբաղեցնող ադրբեջանական «Սոկար» նավթագազային ընկերությունը, ըստ Կալաձեյի, չի կարողանում բավարարել հատկապես վրացական ընկերությունների ներքին սպառման պահանջարկը: Ոլորտի պատասխանատուները փորձում են այդ բացը լրացնել հենց «Գազպրոմ»- ի միջոցով, ինչն էլ բողոք է առաջացնում ինչպես հասարակության, այնպես էլ ընդդիմադիրների մոտ»,- նշեց վրացագետը:
Օրերս Միլանում Կախա Կալաձեյի և «Գազպրոմ»-ի ղեկավարության միջև կայացած հանդիպմանը , Էրոյանցի խոսքով, նախարարը ևս մեկ անգամ հաստատել էր, որ աշխատանքներ են տարվում «Գազպրոմ»- ի ներկայությունը Վրաստանում ընդլայնելու և վրացական ընկերություների համար նախատեսված գազի ծավալը մեծացնելու ուղղությամբ: «Սոկար» ընկերությունն էլ մանրամասներ էր ներկայացրել, որ ինքը կարող է բավարարել Վրաստանի պահանջած գազի ծավալը:
«Վրացի որոշ մասնագետներ հայտարարում են, որ իրենք չեն կիսում ադրբեջանական ընկերության ղեկավարության տեսակետը և կողմ են ադրբեջանական «Սոկար»-ին մենաշնորհային դիրքից զրկելուն»,- հավելեց նա` նշելով, որ նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին երեկ հայտարարել է, որ շատ լավ կլինի, եթե ադրբեջանական ընկերությունը, որը մենաշնորհ ունի Վրաստանում գազի սպասարկման ոլորտում, զրկվի իր դիրքից: Իվանիշվիլին նույնիսկ խոսել է իրանական գազի տարբերակի մասին:
«Կարծես փորձ է արվում մեկուսացնել ադրբեջանական ընկերությանն ու ընդհանրապես ադրբեջանական գործոնը, քանի որ վերջին տարիներին որոշ չափով փոխվել է Վրաստանի իշխանությունների վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ: Իրենք շատ լավ հասկանում և գիտակցում են իրենց ազգային անվտանգության շահն ու այն, թե որ ուղղությամբ իրենք կարող են ավելի նպաստավոր պայմաններ ստեղծել իրենց երկրի համար»,- ասաց էրոյանցը:
Ըստ փորձագետի սա է պատճառը, որ խոսվում է իրանական գազի, երկաթուղու, Վրաստանից Իրանին ջուր մատակարարելու մասին, որի մասին բարձրաձայնում են արդեն Վրաստանում բարձրաստիճան պաշտոնյաները: Աս հարցերում պատրաստակամություն կա Իրանի կողմից, իսկ Հայաստանն այս դեպքում կարող է միջնորդի դեր զբաղեցնել, հանդես գալ որպես տարանցիկ երկիր: