Սիրիայի խնդրով հանդիպմանը կմասնակցեն Իրաքի և Լիբանանի ներկայացուցիչները
International newsՍիրիայի վերաբերյալ հանդիպման ժամանակ, որը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին, կմասնակցեն Իրաքի և Լիբանանի ներկայացուցիչները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հոկտեմբերի 29-ին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնականներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ավելի վաղ Վիեննայում կայանալիք հանդիպման մասնակիցների թվում Իրաքը և Լիբանանը չէին նշվում:
«Այսօր օրվա երկրորդ կեսին Լավրովը մեկնում է Վիեննա սիրիական ճգնաժամի կարգավորման բազմակողմանի հանդիպմանը մասնակցելու համար, որը տեղի կունենա ուրբաթ օրը Իրաքի, Իրանի, Եգիպտոսի, Լիբանանի և այլ երկրիների, ինչպես նաև ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրայի մասնակցությամբ»,- նշել է դիվանագետը:
Ավելի վաղ Լոնդոնը հայտարարել է, որ Սիրիայի հարցով կայանալիք հանդիպմանը ուրբաթ օրը կմասնակցեն 13 երկրներ` Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Իրանը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, ԱՄԷ-ն, Կատարը, Հորդանանը, Գերմանիան, Ֆրանսիան, Եգիպտոսը, Իտալիան և Մեծ Բրիտանիան: Նրանց կմիանա նաև Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:
Բազմակողմանի հանդիպմանը կնախորդեն բանակցությունները Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև բանակցությունները, որոնք կկայանան հոկետմբերի 29-ի երեկոյան: