Ինձանից ի՞նչ ազնիվ մարդ, երկու անգամ դատապարտվել եմ քրեական հանցագործություններ կատարելու համար. Նիկոլ Փաշինյանը՝ Հովհաննես Սահակյանին
PoliticsԱԺ-ում կրքերը գնալով թեժանում են: ԱԺ-ում այսօր «Ընտրական օրենսգրքում» եւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին փաթեթի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը որոշեց անդրադառնալ իր ու ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանի բանավեճին, որը տեղի էր ունեցել դեռ երեկ: Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ ինչպես ընտրական մյուս ոլորտներում, այնպես էլ անձնագրային ոլորտում, խառնաշփոթ է տիրում: «Հայաստանի ընտրակարգը կազմվել է բացառապես սովորական անձնագրերի վրա, իսկ դա ենթադրում է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա անձնագիր: Մինչդեռ վերջին 2 տարիներին գործածության մեջ է դրվել անձնագրի եւս երկու տեսակ՝ նույնականացման եւ կենսաչափական քարտերը, որոնց պատճառով շուրջ 182 հազար մարդ այսօր զրկվել է քվեարկելու իրավունքից, քանի որ ՀՀ-ում աջ ձեռքը չգիտի՝ ինչ է անում ձախը, ձախն էլ նույնիսկ չգիտի՝ ինքն ինչ է անում: Դուք սովոր եք հավսար-զգաստով դակել, օրենքներ անցկացնել: Բա որ օրենքները բերում եք, թե բա՝ հայբուդուլ, աշխարհի վերջն է, պիտի արագ ընդունենք, բա այդ մասին էլ մտածեք, բա անեկդոտը պոզով-պոչով ա լինո՞ւմ»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը՝ հավելելով, թե ինչ վերաբերում է նույնականացման քարտերով քվեարկությանը, ապա դրանց վրա դրոշմակնիքի բացակայությունը մեծ հնարավորություն է տալու կրկնաքվեարկության համար:
Անդրադառնալով մարդկանց մատները թանաքոտելուն՝ Նիկոլ Փաշինյանը, դիմելով Հովհաննես Սահակյանին, ասաց. «Գոնե այն երկրների անունները տայիք, որտեղ թանաքոտումն անարդյունավետ է եղել: Հնդկաստանը համարվում է ամենամեծ ժողովրդավարություն ունեցող երկիրը, իսկ Վրաստանում տասը տարվա մեջ երկու անգամ իշխանափոխություն է եղել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ զարմանք արտահայտելով Հովհաննես Սահակյանի այն արտահայտությանը, թե Փաշինյանն ազնիվ անձնավորություն է: «Ժողովուրդ, ՀՀԿ պատգամավորն ինձ ասում է՝ ազնիվ պատգամավոր: Պարոն Սահակյան, մենք ի՞նչ ազնիվ… Բոլոր ազնիվ պատգամավորները հավաքված են ձեր խմբակցությունում: Ես երկու անգամ դատապարտվել եմ քրեական հանցագործություններ կատարելու համար: Ես գտնվել եմ հետախուզման մեջ ու նստել եմ բանտ, ի՞նչ ազնիվ պատգամավոր: Ազնիվը դուք եք, Արտաշես Գեղամյանը, որոնց համատեղ ջանքերով դեռ 1999 թվականին ՀՀ դատարանն ինձ ճանաչեց մեղավոր: Ո՞նց է ձեր լեզուն պտտվում՝ նման բան ասելու: Ազնիվը դուք եք»,- վրդովված աաց Նիկոլ Փաշինյանը:
Սոսե Չանդոյան