Ադրբեջանում 5 ամիս աշխատավարձ չստացած աշխատավորները նստացույց են սկսել
International newsԱդրբեջանի «Ազերինշաաթսերվիս» ընկերության աշխատակիցները, որոնք վերջին 5 ամսում աշխատավարձ չեն ստացել, նստացույց են սկսել ընկերության գրասենյակի առաջ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
«Մենք` տասնյակ աշխատակիցներով ամբողջ գիշեր նստել ենք ընկերության գրասենյակի առաջ եւ մտադիր են շարունակել մեր բողոքի ակցիան», -ասել է ընկերության աշխատակից Ռուստամ Մուսաեւը:
Xeberle.com լրատվական կայքը երեկ հայտնել էր, որ «Ազերինշաաթսերվիս» շինարակական ընկերության հինգ ամիս աշխատավարձ չստացած 200 բանվորներ բողոքի երթի են դուրս եկել Բաքվում: Նրանք Բաքվի Դերգեգյուլ թաղամասից շարժվել են դեպի Ադրբեջանի աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության նախարարություն:
Ինչպես երեւում է` նախարարությունում հուսադրիչ պատասխան չստանալով, բանվորները որոշել են ակցիան շարունակել նստացույցով:
Նավթի համաշխարհային գների եւ մանաթի փոխարժեքի անկման պատճառով Ադրբեջանի տնտեսությունը հայտնվել է ճգնաժամի մեջ. բազմաթիվ պետական եւ մասնավոր հաստատություններ չեն կարողանում վճարել աշխատակիցների աշխատավարձերը: Փակվել են նավթաարդյունաբերության մի շարք ձեռնարկություններ, պետական եւ մասնավոր հաստատություներ, տասնյակ հազարավոր աշխատավորներ գործազուրկ են դարձել, Ադրբեջանի տնտեսական աճն օրեցօր նվազում է, միջազգային վարկանիշային գործակալությունների գնահատականների համաձայն` ադրբեջանական բանկերը կանգնած են ռիսկի սահմանին, այս տա րվա ընթացքում Ադրբեջանն արդեն 6,7 մլրդ դոլար է կորցրել, բյուջեն դեֆիցիտային է դարձել. եկող տարվա բյուջեն անցյալ տարվա պետբյուջեից մոտ 2 անգամ փոքր է սահմանվել:
Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին: