Ես ոչ մեկին չեմ վստահում, միայն հավատում ու վստահում եմ մեր բանակին ու սեփական ուժերին. Արագած Ախոյան
PoliticsՕրերս ԵԱՀԿ Մինսկի համանախագահներն այցելել էին Արցախ՝ հայ ադրբեջանական սահմանին տեղի ունեցող լարումների վերաբերյալ պատկերացում կազմելու համար, ինչի ժամանակ էլ դիտորդները ստիպված եղան սեփական մաշկի վրա զգալ ադրբեջանական բանակի լկտի պահվածքը: Թերեւս հայ զինվորների զգոնության եւ բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ Մինսկի համանախագահները չխոցվեցին ադրբեջանական փամփուշտներից:
Տեղի ունեցածի եւ դրանից բխող ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա քայլերի մասին Orer.am-ը զրուցեց ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի հետ: «Մենք գիտենք, որ նման միջադեպեր միշտ էլ եղել են, որոնք շատ անգամ ավելի բարդ ու ծանր են արտահայտվել, սակայն լավ է, որ այս անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սեփական մաշկի վրա են զգացել այդ ամենը: Ցավոք սրտի, ես ոչ մեկին չեմ վստահում, միայն հավատում ու վստահում եմ մեր բանակին ու սեփական ուժերին: Մենք պետք է սովորենք հույսներս մեզ վրա դնել ու հավատալ մեր ուժերին՝ լինի դա հայ-թուրքական, թե հայ-ադրբեջանական հարաբերություններին վերաբերող հարց»,- նշեց պատգամավորը:
«Մենք, իհարկե, շնորհակալ ենք, որ ԵԱՀԿ Մինսկի համանախագահները մտահոգ են եւ դրանից ելնելով գնում են սահման, սակայն պետք է նկատել, որ որեւէ հստակ քայլեր չեն ձեռնարկվում, մինչ օրս չի խոսվել Ադրբեջանի նկատմամբ կիրառվելիք պատժամիջոցներից, ինչը ողջունելի չէ»,- ասաց պատգամավորը:
Արագած Ախոյանին անկողծորեն զարմացնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների որդեգրած քաղաքականությունը: «Ի՞նչ է, Ուորլիքի վրա էլ պետք է կրակեի՞ն, որ նա հասկանար, որ իրականում լուրջ խնդիր կա: Այսքան ժամանակ հայկական կողմը գրեթե ամեն օր հայտարարում է Ադրբեջանի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման մասին: Լավ է, որ իրենք իրենց աչքով տեսան իրականությունը»,- ասաց պատգամավորը:
Ա. Ախոյանը կարծում է, որ Ադրբեջանի նման պահվածքը համապատասխան կառույցների կողմից անգործության հետեւանք է: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք այսքանից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես կգա հստակ քայլերով եւ հայտարարություններով, պատգամավորը պատասխանեց. «Գիտեք, արդեն հոգնել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի вокруг и около պահվածքից: Հարկավոր է կոնկրետ գործողությունների անցնել եւ հստակ առաջարկներ անել: Այս պահին անգամ մի անեկդոտ հիշեցի, երբ գողի մոտից գումար են գտնում, իրավապահները հարցնում են, թե որտեղից քեզ այդ գումարը, նա էլ պատասխանում է, թե իր կինն է տվել, այն հարցին, իսկ կինդ որտեղից է վերցրել, պատասխանում է պահարանի գլխից, ու այսպես շարունակ: Ադրբեջանական գործողությունները նման են խորհրդային տարիների այս անեկդոտին»:
Սոսե Չանդոյան