Թուրքական պետական հեռուստաալիքն ակնհայտ կողմնապահություն է արել նախընտրական ամսվա ընթացքում
International newsԹուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը (RTÜK) նոր տվյալներ է հրապարակել խորհրդարանական ընտրություններին ընդառաջ պետական TRT հեռուստաընկերության կողմից ներքաղաքական կուսակցություններին տրամադրած հեռուստաժամանակի վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է թուրքական «Թարաֆ» պարբերականը, խորհրդի անդամ Էրսին Օնգելը հայտնել է, թե ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցություններից յուրաքանչյուրի քանի թեկնածուի կամ անդամի է TRT-ն հրավիրել որպես հյուր:
Ըստ այդ տվյալների՝ վերջին մեկ ամսում TRT-ն 37 հյուր է ընդունել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից, իսկ ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական, «Ազգայնական շարժում» և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություններից որևէ հյուրի չի հրավիրել:
Ավելի վաղ Օնգելը հրապարակել էր տվյալներ պետական հեռուստաընկերության կողմից կուսակցություններին տրամադրած եթերաժամանակի վերաբերյալ, որում երևում էր TRT-ի ակնհայտ կողմնապահությունը: Տվյալների համաձայն՝ TRT հեռուստաընկերությունը նախընտրական 25 օրվա համար իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ)՝ 30 ժամ, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությանը (ՀԺԿ)՝ 5 ժամ, «Ազգայնական շարժում» կուսակցությանը (ԱՇԿ)` 1 ժամ և 10 րոպե, իսկ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը (ԺԴԿ)՝ ընդամենը 18 րոպե, ինչը հարյ ուր անգամ պակաս է իշխող կուսակցությանը տրամադրված եթերաժամանակից: