Թուրքիայում ոստիկանությունը խստորեն կհետևի ընտրությունների ընթացքին
International newsԹուրքիայում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը իրավապահ մարմիններն ընտրատեսամասերում խիստ վերահսկողություն կսահմանեն: Երկրի ողջ տարածքում ընտրությունների ընթացքը կհսկեն 385 հազար ոստիկան և ժանդարմ: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Անվտանգության նկատառումներից ելնելով` որոշ ընտրատեղամասերում ընտրությունների ընթացքին կհետևեն նաև ոստիկանական ուղղաթիռները և զրահամեքենաները:
Թուրքիայի արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան 2015 թվականի նոյեմբերի 1-ին: Պատգամավորական մանդատների համար կպայքարեն 16 կուսակցություն, որոնցից հիմնական պայքարի մեջ կմտնեն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ), ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ), «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ) և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ): ԱԶԿ-ն, ՀԺԿ-ն և ԺԴԿ-ն իրենց թեկնածուների շարքում առաջադրել են նաև հայերի, ովքեր նախորդ խորհրդարանական ընտրություններում արդեն պատգամավոր էին ընտրվել: Երկրի ներսում և դրսում ընտրություններում օգտագործելու նպատակով տպագրվել է 75 միլիոն 288 հազար 955 քվեաթերթիկ: Ընտրություններին կմասնակցի 54 միլիոն 49 հազար 940 մարդ Թուրքիայում և ևս 2 միլիոն 899 հազար մարդ արտերկրում: