Իտալական պարբերական. Ընտրություններից հետո Թուրքիան կարող է գլորվել անդունդը
International newsԹուրքիայում նոյեմբերի 1-ին խորհրդարանի կրկնակի ընտրություններ են կայանալու: Առաջին ընտրություններում, որոնք տեղի են ունեցել հունիսի 7-ին, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը չի կարողացել որակյալ մեծամասնություն կազմել: Կոալիցիա կազմելու շուրջ բանակցություններն արդյունք չեն տվել, որովհետեւ մրցակից կուսակցությունները պահանջել են վերադառնալ իշխանության ներսում 2013-ի դեկտեմբերին կոռուպցիոն սկանդալի հետաքննությանը: Այս մասին նշել են թուրք վերլուծաբանները իտալական L’Espresso ամսագիրն տված հարցազրույցում: Հոդվածում նաեւ նշվում է.
«Այն, որ Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքն անվանում է քաղաքացիական պատերազմ, կարող է խորանալ, եթե կրկնվի հունիսյան ընտրությունների արդյունքը: Այս ընտրությունների արդյունքում Թուրքիան կարող է գլորվել անդունդը, որի պռնկին հիմա կանգնած է»:
«Բոլորը գիտեն, որ Էրդողանը ձախողել է կոալիցիոն բանակցությունները, որպեսզի ոչ մեկի հետ չկիսի իշխանությունը: Նաեւ այն պատճառով, որ մյուս կուսակցությունները հենց սկզբից պայման էին դրել՝ կրկին վեր հանել 2013-ին իշխանության մեջ կոռուպցիոն սկանդալի գործը, երբ կալանավորվեցին Էրդողանին պաշտպանող նախարարների զավակներ»,-նշել է սոցիոլով եւ քաղաքացիական իրավունքների ակտիվիստ Յասեմին Ինջեօղլուն:
Կոռուպցիոն սկանդալը, որին առնչվել է նաեւ Էրդողնի որդիներից մեկը՝ Բիլալը, ի հայտ է եկել գաղտնալսված հեռախոսազրույցի արդյունքում, որտեղ Էրդողան կրտսերը հիշատակում է կասկածելի ծագման փողերի մասին:
Պարզ է, որ այդ հետաքննությունը ոսկոր է դարձել Էրդողանի եւ նրա կուսակցության կոկորդին, եւ եթե այդ ընտրություններն ավարտվեն նախորդի արդյունքներով, այսինքն իշխող կուսակցությունը բացարձակ մեծամասնություն չստանա, ապա հետաքննության հարցը կրկին կհայտնվի օրակարգում:
Թուրքիայում քաղաքական մթնոլորտը սիմպտոմատիկ է: Մեկ ամիս առաջ Hurryet պարբերականին ամենահեղինակավոր խմբագիրներից Ահմեդ Հաքանը ծեծի է ենթարկվել իր տան մոտ եւ կոտրվածքներով հայտնվել հիվանդանոցում այն բանից հետո, երբ հեռուստահաղորդումներից մեկում քննադատել է Էրդողանի ավտորիտար միտումները: Իշխող կուսակցության կողմնակիցները մահակներով կոտրել են թերթի խմբագրության դռներն ու ապակիները: Պարզվել է, որ նրանցից մեկը՝ Աբդուրահիմ Բոյունքալընը, պատգամավոր է:
Եթե այս ընտրություններում կրկնվի հունիսի արդյունքները, իսկ ամեն բան հենց դրան է գնում, հետագա սցենարները երկուսն են. կամ կոալիցիոն կառավարություն, կամ ընտրությունների մոդելի վերանայում: Առաջին սցենարն ավելի դժվար է, բայց ավելի մեծ կայունություն է խոստանում: Երկրորդը ցույց կտա համապետական ընտրությունների անօգտակարությունը:
«Ամենավտանգավորն այն է, որ Էրդողանը հնարավոր է PKK-ի դեմ պայքարի առիթն օգտագործելով արտակարգ դրություն հայտարարի: Այդ դեպքում կսկսեն գործել ռազմական դրության օրենքները: Դա կլինի աշխարհիկ եւ ժողովրդավարական Թուրքիայի վերջը»,-ամփոփել է Ինջեօղլուն: