Ադրբեջանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
International newsԱդրբեջանում այսօր տեղի են ունենում 5-րդ գումարման խորհրդարանի՝ Միլլի Մեջլիսի ընտրությունները: Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, քվեարկությունը մեկնարկել է 8:00-ին:
Քվեարկությունից առաջ ԿԸՀ նախագահ Մազահիր Պանախովը մամուլի ասուլիսով է հանդես եկել և ընդգծել է, որ ստեղծված են բոլոր պայմաններն ազատ, ժողովրդավարական ու արդար ընտրությունների համար: Նա նշել է, որ 1000 տեղամասերում տեսախցիկներ են տեղադրվել, կան դիտորդներ:
Քվեարկությունը կավարտվի 19:00-ին: Մեջլիսի 125 տեղերի համար պայքարում են 767 թեկնածուներ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընտանիքի հետ արդեն մասնակցել է քվեարկությանը: Ի դեպ՝ նրա կինը՝ Մեհրիբան Ալիևան ևս պատգամավորության թեկնածու է:
Ժամը 10:00-ի դրությամբ, ԿՀԸ տվյալներով, ընտրությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 12.8 տոկոսը:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը հրաժարվել էր դիտորդներ ուղարկել Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին, քանի որ երկրի իշխանությունները փորձել էին սահմանափակել դիտորդների քանակը: