Հունաստանի ափերին միգրանտների փոխադրող նավ է շրջվել. 11 զոհ կա
International newsnews.am-ը գրում է.
Էգեյան ծովում հունական Լեսբոս կղզու ափերին միգրանտների փոխադրող նավ է շրջվել, ինչի հետեւանքով 11 հոգի, այդ թվում 6-ը՝ երեխաներ, զոհվել են: Այս մասին France Presse գործակալությանը հաղորդել են Հունաստանի ափամերձ պահպանության ծառայության աշխատակիցները:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, 10 միգրանտի մարմինները հայտնաբերել են նավախցում, իսկ 11-րդ զոհի դին գտել են կղզու ափին:
Հունաստանն ու Իտալիան շարունակում են Եվրոպա ժամանող միգրանտների եւ փախստականների համար առանցքային տարանցիկ երկիր մնալ: Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով, Հունաստանն ընդունել է Սիրիայից ժամանած 277.899, Աֆղանստանից 76.620, Իրաքից 21.552, Պակիստանից ավելի քան 14.000 եւ Ալբանիայից 12.600 փախստականի:
Միաժամանակ, հոկտեմբերի սկզբից ավելի քան 68 հազար միգրանտ է ժամանել Հունաստան, որոնց մեծ մասը՝ 41.954 հոգի, Լեսբոս կղզի: ՄՄԿ-ի տվյալներով, օրական միջինը 4.500 մարդ է ժամանում Հունաստան: