Եգիպտոսի ավիաաղետից հետո հրահանգվել է դադարեցնել «Կոգալիմավիայի» A321 ինքնաթիռների թռիչքները
International newsՌուսաստանի տրանսպորտի ոլորտում հսկողության դաշնային ծառայությունը՝ «Ռոստրանսնադզորը» հրահանգել է «Կոգալիմավիա» ավիափոխադրողին դադարեցնել Airbus A321 ինքնաթիռների թռիչքները մինչև Սինայի թերակղզում ընկերության ինքնաթիռի կործանման հանգամանքները պարզելը, գրում է gazeta.ru-ն:
Գերատեսչության ներկայացուցչի խոսքերով՝ մինչև նոյեմբերի 2-ի վերջը ընկերությունում պետք է գնահատեն ռիկսերը և օպերատիվ միջոցներ իրականացնեն այդ մոդելի անվտանգ օգտագործման հնարավորությունը որոշելու համար:
Նա հավելել է, որ նոյեմբերի 1-ին «Ռոստրանսնադզոր»-ի աշխատակիցներն այցելել են «Կոգալիմավիա»-ի գրասենյակ և փոխանցել են հրահանգը:
Միևնույն ժամանակ «Կոգալիմավիա»-ում հայտնել են, որ չեն ստացել հրահանգ թռիչքները դադարեցնելու մասին և ընդհանրապես չգիտեն նման հրահանգի առկայության մասին:
Ավիափոխադրողն ունի ութ ինքնաթիռ, որից վեցը Airbus A321 մոդելի են:
Լրատվամիջոցների տվյալներով՝ մասնագետներն արդեն անցել են A321-ի «սև արկղերի» վերծանմանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ի առավոտյան Շարմ-Էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ մեկնած Airbus A321-ը կործանվել էր Եգիտպոսի Սինայի թերակղզում: Ինքնաթիռում եղած 217 ուղևորը և անձնակազմի 7 անդամները մահացել են: