Հայաստանը կառուցողական դերակատարություն ունի ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում. Մատվիենկո
PoliticsՀայաստանը կառուցողական մասնակցություն է ունենում Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի կազմակերպության շրջանակներում:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ առանձնազրույցից հետո լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:
«Հայ- ռուսական հարաբերությունները հետևողականորեն ընդլայնվում են բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, տեղեկատավակական տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի: Մենք ռազմավարական գործընկերներ ենք և միասին կապահովենք անվտանգությունը: Այս տարվա հունվարից Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը լայն հնարավորություններ է ստեղծել երկու երկրների միջեւ երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար»,- նշեց Վալենտինա Մատվիենկոն:
Խոսելով հայ-ռուսական միջտարածաշրջանային չորրորդ համաժողովի մասին՝ տիկին Մատվիենկոն վստահություն է հայտնել, որ այն նոր թափ կհաղորդի երկու երկրների տարածաշրջանների միջև հարաբերությունների խորացմանը, գործարար կապերի ընդլայնմանն ու առևտրաշրջանառության ծավալների աճին: Նա հավելեց, որ ՀՀ վարչապետը առաջարկներ է արել ԵԱՏՄ շրջանակում աստիճանաբար ազգային արժույթին անցում կատարելու վերաբերյալ: «Այս տարվա վեց ամիսների վիճակագրական տվյալների համաձայն նվազել է ապրանքաշրջանառությունը, որի վրա ազդել է արժույթի փոփոխությունը»,- նկատեց օ րենսդիրը:
Նրա խոսքով՝ հանդիպմանը զրուցակիցները քննարկել են նաև հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային՝ անդրադարձել Հայաստանում դեկտեմբերի 6-ին անցկացվելիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին, տարածաշրջանային խնդիրների: