Բուխարեստում կալանավորել են այրված գիշերային ակումբի սեփականատերերին
International newsԲուխարեստում կալանավորել են հոկտեմբերի 30-ին այրված Colectiv գիշերային ակումբի սեփականատերեր Կոստին Մինկուին, Ալին Անաստասեսկուին եւ Պաուլ Կատալինին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC News-ին: Հրդեհի հետեւանքով զոհվել Է 31 մարդ, շուրջ 200-ը վիրավորվել են:
Տեղական ոստիկանությունը մի քանի ժամ հարցաքննել Է 28-ից մինչեւ 36 տարեկան երեք տղամարդկանց: Կալանավորվածներին կարող են առաջադրվել ակումբի անթույլատրելի գերլցվածության, վթարային ելքերից օգտվելու անբավարար ապահովման, ինչպես նաեւ չկանխամտածված սպանության մեղադրանքներ:
Նոյեմբերի 1-ին Ռումինիայի գլխավոր դատախազ Տիբերիու Նիցուն հայտնել Է, որ Colectiv-ի տերերին սպառնում Է ցմահ բանտարկություն:
Նշվում Է, որ ակումբը չի համապատասխանել հրատեխնիկայով համերգների անցկացման համար անվտանգության կանոնների անհրաժեշտ պահանջներին եւ հարդարված Է եղել բռնկվող ձայնամեկուսիչ նյութերով:
Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը հետմահու պարգեւատրել Է այն երկու տղամարդկանց, որոնք օգնել են մարդկանց տարահանելու այրվող շենքից, հաղորդել Է Mediafax-ը: 36-ամյա լուսանկարիչ Կլաուդիու Պետրեն եւ 38-ամյա թմբկահար Ադրիան Ռուժինան «Վաստակի համար» ազգային շքանշաններ են ստացել ցուցաբերած արիության, անձնազոհության եւ այլասիրության համար: