Նրանք այս լափից փորձում են մաքուր դուրս գալ. Արագած Ախոյան
International newsՎերջերս Թուրքիայի ոստիկանությունը կատարեց հերթական «բացահայտումը», նրանք «հայտնաբերեցին» եւ «չեզոքացրեցին» «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման համար պայթուցիկ պատրաստող անձանց: Ըստ տարածված տեղեկատվության՝ ահաբեկիչները ձերբակալվել են գործարանի տարածքում, որտեղ էլ պատրաստվում էին ինքնաշեն պայթուցիկները:
Թե իրականում ինչ է նշանակում թուրքական իշխանության այս քայլը, երբ ողջ աշխարհը ԻՊ-ն հովանավորելու մեջ մեղադրում է հենց Թուրքիային, Orer.am-ը պարզեց ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանից: «Անկեղծ ասած, Թուրքիայի եւ դրա ղեկավարության պահվածքը մեզ վաղուց է հայտնի, նրանք այս լափից փորձում են մաքուր դուրս գալ: Իսկ ինչո՞ւ են միայն գործարանից խոսում, որտեղ պատրաստվում են պայթուցիկներ, չէ՞ որ Թուրքիայում կան նաեւ անչափահասների ճամբարներ, որտեղ երեխաներին պատրաստում էին որպես զինվորներ: Ինչ խոսք, Թուրքիան վաղուց էր տեղյակ իր երկրում ահաբեկչական խմբավորումների եւ նրանց գործողությունների մասին, սակայն անգամ եթե նրանք նոր են տեղեկանում այդ մասին, ապա պետք է այնքան ինքնասիրություն ունենային, որ նման հայտարարություն չանեին: Ինչպե՞ս կարող է գերզարգացած տեխնիկաների եւ հզոր հետախուզություն ունեցող երկրում նման բանը նոր հայտնաբերվել»,- զարմանք արտահայտեց պատգամավորը:
Արագած Ախոյանը նշեց, որ որքան էլ Թուրքիան փորձի դեր խաղալ՝ ասելով, թե անտեղյակ է ԻՊ-ի գործողություններից, միեւնույնն է, ողջ աշխարհը Թուրքիային է մեղադրում ահաբեկչական տվյալ կառույցը հովանավորելու մեջ: «Ողջ աշխարհն էլ գիտի, որ «Իսլամական պետության» մեջքին կանգնած է Թուրքիան, պարզապես կեղտաջրից չոր դուրս գալու համար սկսել են նման բացահայտումներ անել՝ ի լուր աշխարհի ասելով, թե տեսեք-տեսեք՝ ինչ դեմոկրատ երկիր է Թուրքիան»,-ասաց Ա. Ախոյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Անկարայում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, որին մեծամասամբ մասնակցում էին քրդեր եւ հայեր, ահաբեկչական գործողության հետեւանքով պաշտոնական տվյալներով 106 մարդ է զոհվել, 250-ից ավելի մարդ էլ վիրավորվել է: Ըստ թուրքական ոստիկանության՝ պայթյունն իրականացվել է ԻՊ-ի անդամների կողմից:
Սոսե Չանդոյան