Ադրբեջանի խորհրդարանում վերընտրվել են 20 տարուց ավելի մանդատ ունեցող 13 պատգամավորներ
International newsՆոյեմբերի 1-ին Ադրբեջանում անցկացված խայտառակ խորհրդարանական ընտրություններում պատգամավոր ընտրվածների մեջ կյանքի 20-25 տարին խորհրդարանին նվիրած մանդատ ունեցող անձինք կան:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է modern.az լրատվական կայքը` նշելով, որ Ադրբեջանի խորհրդարանում վերընտրվել է Բաքվի Բինագադիի շրջանից 6 անգամ պատգամավոր ընտրված Մադար Մուսաեւը, որը ադրբեջանական խորհրդարանի պատգամավոր է 1991 թվականից, երբ Ադրբեջանը դեռեւս գտնվում էր ԽՍՀՄ կազմում:
Անկախացումից հետո Ադրբեջանում առաջին խորհրդարանական ընտրություններն անցկացվել են 1995 թվականի նոյեմբերի 12-ին: Այդ օրվանից սկսած մինչ այժմ Ադրբեջանի խորհրդարանում անընդմեջ պատգամավոր են ընտրվել Նախիջեւանի ղեկավար Վասիֆ Թալիբովը, Իսա Հաբիբբեյլին, Էլդար Իբրահիմովը, Զիյադ Սամեդզադեն, երգչուհի Զեյնաբ Խանլարովան, Ֆազաիլ Աղամանլըն, Արիֆ Ռահիմզադեն, Խանհուսեին Քազիմլըն, Հադը Ռաջաբլին, Զիյաֆեթ Ասքերովը, Ֆաթթահ Հեյդարովը, Իմամվերդի Իսմայիլովը:
Ադրբեջանում անցկացված ընտրություններին ոչ մի նշանակալից ընդդիմադիր կուսակցություն չի մասնակցել:
Ադրբեջանի ընդդիմադիր եւ դեմոկրատական ուժերի «Ազգային խորհուրդ» միավորումը, որը ներառում է տասնյակ առաջատար ընդդիմադիր կուսակցություններ եւ հասարակական կազակերպություններ, հայտարարել է, որ երկրում նոյեմբերի 1-ին անցկացված խորհրդարանական ընտրությունները լեգիտիմ չեն, դա Ադրբեջանի պատմության մեջ ամենախայտառակ ընտրությունն է, եւ որ իրենք չեն ճանաչում այդ ընտրությունների արդյունքները: Այդ մասին, առանձին հայտարարությամբ հանդես են եկել նաեւ Ադրբեջանի դեմոկրատական նախաձեռնությունների ինստիտուտը, «Մուսավաթ» կուսակցություն ը, REAL շարժումը, NIDA քաղաքացիական շարժումը եւ Դասական ժողովրդական ճակատ կուսակցությունը:
Եվրոպայի խորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը Ադրբեջանում անցկացված խորհրդարանական ընտրությունները հակադեմոկրատական է անվանել:
Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը հայտարարել է կիրակի անցկացված խորհրդարանական ընտրություններում նախնական տվյալներով իր հաղթելու մասին: Կուսակցությունը խորհրդարանում կզբաղեցնի 125 պատգամավորական տեղերից նվազագույնը 70-ը: