Բաքվից պահանջում են դադարեցնել բռնաճնշումները
International newsHuman Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ հանձնաժողով Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի հետ կապված Հուշագիր է ներկայացրել, որում ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ հանձնաժողովին կոչ է արել Բաքվից պահանջել դադարեցնել բռնաճնշումները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, HRW-ի մամուլի տեղեկագրում ասվում է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը շարունակում է անհանգստացնող մնալ, իշխանությունները շարունակում են կառավարության քննադատների, քաղաքացիական ակտիվիստների եւ ընդդիմադիրների դեմ կոշտ բռնաճնշումները:
«Ձերբակալվածներն ու կալանվածները խոշտանգումների են ենթարկվում, ինչը հակասում է դրանց արգելման մասին Համաձայնագրի շրջանակում Ադրբեջանի միջազգային պարտավորություններին», -ասվում է հայտարարության մեջ:
Դրա հետ կապված, HRW-ն հանձնարարականներ է ներկայացրել` կոչ անելով Ադրբեջանի իշխանությունների առաջ դնել բռնաճնշումները դադարեցնելու մասին հարց եւ պահանջել ազատ արձակել Լեյլա եւ Արիֆ Յունուսներին, Իլգար Մամեդովին, Ինթիգամ Ալիեւին եւ մյուս քաղբանտարկյալներին:
ՄԱԿ-ի Հանձնաժողովին նաեւ առաջարկվել է պաշտոնական Բաքվին կոչ անել ապասառեցնել տասնյակ ոչ կառավարական կազմակերպությունների բանկային հաշիվները եւ վերացնել բոլոր սահմանափակումներն ու նրանց իրավունքների խախտումները: